Ողջ պատմության ընթացքում Էվերեստի գագաթը նվաճել են հինգ հայեր` Լև Սարգիսովը, Կարո Հովասափյանը, Իգոր Խալաթյանը, Արա Խաչադուրյանը և Իրենա Խարազովան:
Լև Սարգիսով
Սարկիսովն առաջին հայն է, ով նվաճել է Էվերեստի բարձունքը: Լեվ Սարկիսովը Էվերեստ լեռան գագաթ հասել է վրացիների կողմից կազմակերպված կովկասյան թիմի կազմում. այդ թիմը կրում էր «Կովկաս-99» անվանումը: Խմբում ընդգրկված էին կովկասի տարբեր ազգեր: Սարկիսովն այդ թիմում պաշտոնապես ներկայացնում էր Հայաստանը: 12.05.1999թ. առավոտյան ժամը 10:00-ին Էվերեստ լեռան վերելքի «Կովկաս-99» էքսպեդիցիոն խումբի անդամներ Բենո Կաշակաշվիլին, Աֆի Գիգանին, Բիդզինա Գուդզաբիդզեն և Լեվ Սարկիսովը, շերպեր Չավան Ռիտան և Նավենգլան ոտք դրեցին աշխարհի բարձրագույն գագաթին: ՀՀ վարչապետի 27.07.2016թ. թիվ 32 որոշմամբ Լեվ Սարկիսովին շնորհվեց շնորհակալագիր` լեռնագնացության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած ակնառու նվաճումների համար:
Կարո Հովասափյան
05 մայիսի 2005 թվականին Կարո Հովասափյանը բարձրացել է Էվերեստ լեռը (8848մ): Կ. Հովսափյանն առաջին հայն է, ով 2000 թվականին հասել է Հարավային բևեռ: Աշխարհում 2 հայերից մեկն է, ում հաջողվել է լինել մոլորակի 2 բևեռներում: Հայոց եռագույնը ծածանել է աշխարհի 7 ամենաբարձր կետերում:
Իգոր Խալաթյան
Իգոր Խալաթյանը 2002 թ-ին կարողացել է հասնել աշխարհի ամենաբարձր գագաթն ու վեր պարզել հայկական եռագույնը: Իգոր Խալաթյանը 8848 մետրը բարձրացել է Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի կողմից, այսինքն` հարավից: Էվերեստ բարձրանալու համար իր միջոցներից ծախսել է մոտ 50 000 ամերիկյան դոլար: Իգոր Խալաթյանի ճանապարհորդությունը տեւել է մոտ 74 օր:
Նա բացատրում է Էվերեստի առանձնահատկությունները, պատմելով վերելքի մասին “Բուն լեռները սկսում են 5000 մետրից, մոտավորապես Արարատի գագաթի բարձրությունից: Այդտեղ սկսում են խնդիրներն ու թթվածնի պակասը: 8000 մետրում մահացու գոտին է, որտեղից պիտի կամ արագ բարձրանաս, կամ շատ արագ իջնես: Շատ մարդիկ այդ գոտում ուժեղ ցրտահարվում են, շնչառությունը դժվարանում է, թթվածինը չի հերիքում: Իմ վերելքի օրն եղանակը շատ հաջող էր, այդ տարվա ամենահաջող օրն էր երեւի: Հասա գագաթ, ուր արդեն մոտ 8 հոգի կային, մոտ 10 րոպե մնացի ու ամենաառաջինը սկսեցի իջնել, որն աննկարագրելի ավելի դժվար էր, քան բարձրանալը”:
Արա Խաչադուրյան
2016 թ.–ի մայիսի 22–ին Էվերեստի գագաթ է բարձրացել Ֆրանսիայի քաղաքացի Արա Խաչադուրյանը: Խաչադուրյանը պլանավորել էր Էվերերստ լեռնան գագաթ բարձրանալ 2015 թվականին, նպատակ ունենալով Հայոց Եղեռնի 100-րդ տարելիցին Հայաստանի դրոշը ծածանել Էվերեստի գագաթին, ի հիշատակ Եղեռնի զոհերի հիշականին: Ցավոք, ճանապարհի կեսին ու հենց ապրիլի 25-ին, երբ պատրաստվում էր նվաճել գագաթը, լեռան փեշերին ուժգին երկրաշարժ տեղի ունեցավ և այդ տարի ոչ մի լեռնագնացի չհաջողվեց հասնել լեռան գագաթ:
Հասնելով լեռան գագաթին՝ հենց գագաթից Արա Խաչադուրյանը գրում է. «Ես աշխարհի ամենաբարձր կետում եմ: Ես դա արեցի: Դա արեցի աշխարհի բոլոր հայերի և իմ համար: Մեր գործը երբեք չի մեռնի»:
Իրենա Խարազովա
2016 թվականի մայիսի 20-ին Նեպալի ժամանակով առավոտյան ժամը 8-ին առաջին անգամ Էվերեստի գագաթին կանգնեց առաջին հայուհի լեռնագնաց Իրենա Խարազովան: Բացի Էվերեստ բարձրանալը, նա նաև առաջին հայուհին է, ում հաջողվել է իրականացնել «7 գագաթ» ծրագիրը՝ հասնելով բոլոր մայրցամաքների ամենաբարձր գագաթներին, որոնք են Կիլիմանջարոն, Էլբրուսը, Դենալին, Ակոնկագուան, Էվերեստը, Վինսոնը և Կաստյուշկո լեռնագագաթը։
Խարազովան բարձրացել է Երկրի ամենաբարձր կետը ռուսների թիմի կազմում՝ Ալեքսանդր Աբրամովի գլխավորությամբ, ով այդ պահին յոթերորդ անգամն էր բարձրանում Էվերեստ:



