Հայկական լեռնաշխարհի խոշոր գետերից է Ճորոխը, որն ունի 438 կիլոմետր երկարություն, սկիզբ է առնում Ճորոխի լեռնաշղթայի Չորմայրի գագաթի հյուսիս-արևմտյան լանջից, կտրում Պոնտական լեռնաշղթան և Բաթում քաղաքի մոտ թափվում Սև ծովը: Ջրհավաք ավազանի մակերեսը՝ 19,8 հզ կմ²։
Ճորոխը Հայկական լեռնաշխարհի ամենաջրառատ գետերից մեկն է։ Հորդանում է գարնանը՝ ձնհալքի ժամանակ։ Գետի ջուրը քաղցրահամ է։ Գետը գարնանը շատ տղմոտ է, տարեկան հոսքը կազմում է 10 միլիոն տ։ Գետը տարեկան շուրջ 13 միլիոն տ նյութ է տանում Սև ծով։
Ճորոխ գետի վտակները
Ճորոխի խոշոր վտակներն են՝ Օլթի, Թորթում, Բերտա, Աջարա։ Ինչպես Ճորոխը, այնպես էլ նրա վտակները խոր կիրճեր են ստեղծել: Վտակները հարուստ են սահանքներով, որոնք երկրակեղևի տեկտոնական շարժումների արգասիք են: Ամենախոշոր ջրվեժը Թորթում գետի վրա է՝ համանուն անվամբ՝ 40 մ բարձրությամբ:
Անվան ծագումնաբանությունը
Օտարները Ճորոխը անվանում են Ակամսիս: Հնում կոչվել է Վոհ (Ոհ), Ակամսիս, Փասիս, ըստ Հակոբ Մանանդյանի՝ Ապսարուս: Սկզբում գետը կոչվել է Ջուրուղխ: Գետանցան բաղադրամասերն են ջուր+ուղխ: Ուղխ նշանակում է հոսող ջուր: Այսպիսով, Ջուրուղխը ունի հստակ կազմություն և նշանակում է գետ, հոսող ջուր: Հետագայում հնչյունափոխվել ու դարձել է Ճուրուխ, ապա Ճորոխ: Մինչև հիմա էլ հայկական որոշ բարբառներում ջրին ճուր են ասում:
Մինչև 20-րդ դարը հայերը Ճորոխի ավազանում ունեցել են զարգացած մշակույթ, զբաղվել են արհեստներով, առևտրով։ Լինչի և Օսվալդի «Հայաստան և հարևան երկրներ» քարտեզի վրա (Ա. Աբեղյանի խմբագրությամբ) կարելի է Ճորոխի ավազանի մոտ կարդալ տասնյակներով հայկական գյուղերի անվանումներ։
Այժմ այստեղ կան հայեր, որոնք բռնի կերպով դավանափոխ են եղել, դարձել են մուսուլման։ Հնում երբեմն Ճորոխ գետի ստորին հոսանքը անվանվել է Դռակոն։ Ժամանակին Ճորոխ գետի վրա եղել է 126 կամուրջ: Ճորոխը դեռ հնուց օգտագործվել է լաստառաքման նպատակներով։ Տեղաբնիկները անտառանյութը կարողանում էին գետով տեղափոխել գետաբերան։



