ՀԱՅՈՑ ԳՐԵՐԸ

Հայ ժողովրդի պատմության աղբյուրներից առաջինը հայոց լեզուն է: Հիշենք հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի խոսքերը. « Լեզուն է ամեն մի  ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը»:

Հայկական գրերի ստեղծման մասին մենք ունենք երեք պատմական սկզբնաղբյուր՝ Կորյունի «Վարք Մաշտոցի», Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» և Ղազար Փարպեցու «Պատմություն Հայոց» աշխատությունները: Հետագա դարերի հայ պատմիչների հաղորդած տեղեկությունները, հիմնականում, այս հեղինակների կրկնություններ են: Պատմիչներից ամենից ստուգախոսը Կորյունն է: Եվ դա հասկանալի է. նա եղել է Մաշտոցի աշակերտը, լավատեղյակ է իր ուաուցչի գործունեությանը և գործուն մասնակցություն է ունեցել հայկական գրերի ստեղծման գործում: Սակայն այդ հիմք չի տալիս թերագնահատելու մյուս պատմիչների տեղեկությունները, ինչպես վարվում են որոշ գիտնականներ: Նշված երեք պատմիչների տեղեկությունների քննական և բազմակող- մանի ուսումնասիրության հիման վրա հնարավոր է լինում կազմել հայոց գրերի ստեղծման բավականին մանրամասն պատմությունը:

Մաշտոցն ու գրերը

Մաշտոցը ծնվել է Տարոն գավառի Հացեկաց գյուղում:Կորյունի տեղեկությունից երևում է, որ Մաշտոցը մանուկ հասակում հունական կրթություն է ստացել: Մաշտոցն իր ժամանակի կրթված անձնավորություններից մեկն է եղել: Այն փաստը, որ նա կարողացել է դպրի պաշտոնով աշխատանքի ընդունվել արքունիքում, վկայում է նրա պատրաստվածության մասին: Սկզբնաղբյուրներում եղած ակնարկներից կարելի է ենթադրել, որ Մաշտոցը արքունիքում որոշ ժամանակ դիվանադպրի պաշտոնում ծառայելուց հետո անցնում է զին-վորական ծառայության: Բայց շուտով թողնում է իր պաշտոնը և հոգևոր կոչում ընդունում՝ միաբանելով Գողթնի ճգնարաններից մեկում, Հոգևորական դառնալուց հետո Մաշտոցը զբաղվում է շրջիկ քարոզչությամբ: Պետք է նկատի ունենալ, որ այդ ժամանակ հեթանոսությունը դեռ բավականաչափ ամուր էր Հայաստանի լեռնային շրջաններում, և նման քարոզչական աշխատանքի կարիքը խիստ զգացվում էր:

Գողթնում Մաշտոցը մոտիկից շփվում է ժողովրդի հետ, տեսնում, թե ինչպես հունական և ասորական ազդեցությունները, նրանց դպրությունները ծանրանում են ուսումնասիրող հայորդիների վրա: Մաշտոցը Գողթնից վերադառնալուց հետո լինում է կաթողիկոս Սահակ Պարթևի մոտ և պատմում ժողովրդի ծանը վիճակի մասին ու հայտնում իր մտահոգությունը: Սահակ կաթողիկոսը, Մաշտոցի հետ միասին, դիմում է  Վռամշապուհ թագավորին: Վերջինս հավանություն է տալիս նրանց մտադրությանը և հայտնում, թե ինքը տեղեկություն ունի, որ Աղձնիքի Արղն քաղաքի Դանիել եպիսկոպոսն ունի հայերեն գրեր: Որոշվում է բերել տալ այդ գրերը:

Մաշտոցը դպրոց է բաց անում, աշակերտներ հավաքում և սկսում պարապել դանիելյան այս գրերով: Սակայն որոշ ժամանակ այդ տառերով պարապելուց հետո տեսնում են, որ նրանք մեծ թերություններ ունեն և չեն արտահայտում հայոց լեզվի հնչյունական առանձնահատկությունները: Այբուբենի այս պակասը լրացնելու նպատակով, Մաշտոցը Սահակի հանձնարարությամբ, մի խումբ աշակերտների ուղեկցությամբ մեկնում է Միջազետք՝ հայկական համապատասխան այբուբենի ստեղծումն այնտեղ հոգալու նպատակով:  Լինում է Ամիդ և Եդեսիա քաղաքներում: Իր հետ տարած աշակերտներին Մաշտոցը բաժանում է երկու խմբի՝ մի մասին հանձնարարում է հունարեն սովորել, իսկ մյուսին՝ ասորերեն, իսկ ինքը, տեղացի գիտնականների աջակցությամբ, զբաղվում է այբուրենի ձևավորումով: Գրերը ձևավորել է տալիս Սամոսատ քաղաքում Հատփանոս  անունով մի գեղագրի: Հայկական այբուրենն ստեղծելու աշխատանքն ավարտելուց հետո, Մաշտոցն իր երկու աշակերտների՝ Հովսեփ Պաղնացու և Հովհան Եկեղեցացու օգնությամբ նորաստեղծ նշանագրերով հայերեն է թարգմանում Սողոմոնի առակները, որոնք մանր խրատական ասացվածքներ են պարունակում և հարմար էին նորակիրթ երեխաներին դաստիարակելու համար, ու վերադառնում  Հայաստան:

Գրի ստեղծումը այնքան կարևոր իրադարձություն է համարվել հայ իրականության մեջ, որ այդ առթիվ, ինչպես վկայում է Կորյունը, հատուկ տոնախմբություն է տեղի ունեցել:

Նշանագրերը Միջագետքից բերելուց հետո Մաշտոցը և Սահակը բաց են անում դպրոցներ և զբաղվում դաստիարակությամբ: Սակայն Մաշտոցը միայն կրթարաններ բաց անելով չէ, որ զբաղվում է: Նա Սահակ Պարթևի և իր աշակերտների հետ միասին ձեռնարկում է թարգմանական խոշոր աշխատանք. թարգմանում են ինչպես ասորերենից, այնպես էլ հունարենից: Թարգմանիչների շարքում են գտնվել հայ երկու ականավոր մատենագիրներ՝ Եզնիկ Կողբացին և Կորյունը:

Հայոց գրի ստեղծման նշանակությունը

Չորրորդ դարում, ինչպես հայտնի է, Հայաստանում վերջնականապես հաստատվում էին ֆեոդալական սոցիալ-տնտեսական հարաբերությունները, Քրիստոնեական եկեղեցին, որը գործուն մասնակցություն ունեցավ ավատական գաղափարախոսության ստեղծմանը, չորրորդ դարում եռանդուն ջանքեր էր գործ դնում նոր գաղափարախոսության տարածման և ամրացման ուղղությամբ: Փավստոսի տեղեկություններից, օրինակ, մենք գիտենք, որ Ներսես Սեծը, ի թիվս այլ հաստատությունների, բաց է անում դպրոցներ և զբաղվում նոր վարդապետության արմատավորմամբ: Ուստի պատահական չէ, որ հայոց գրի ստեղծման հարցով զբաղվում են քաղաքական և հոգևոր երկու խոշը պետերը՝ Վռամշապում թագավորը և Սահակ Պարթևը: Գրի ստեղծման անհրաժեշտությունն ավելի կենսական հարց դարձավ չորրորդ դարի վերջերին և հինգերորդ դարի սկզբներին, երբ մեր ժողովուրդը կանգնեց ձուլման սպառնալիքի առջև: Հայաստանը 387 թվականին, ինչպես հայտնի է, բաժանվեց մրցակից Սասանյան Պարսկաստանի և Բյուզանդական կայսրության միջև: Այդ բաժանումից հետո նա ընկավ քաղաքական ու տնտեսական կախվածության մեջ: Նվաճողներն աշխատում էին վերջ դնել Հայաստանի ներքին անկախությանը և ձուլման ենթարկել ժողովրդին: Ընդ որում, այդ քաղաքականությունը պատահական բնույթ չուներ, այլ բխում էր Հայաստանում նրանց ամրանալու դարավոր ձգտումից: Արևելքի և Արևմուտքի մրցակցության հանգույցում գտնվող Հայաստանի ստրատեգիական կարևորությունը գիտակցում էին և պայսկական թագավորները, և բյուզանդական կայսրերը: Միաժամանակ մրցակից կողմերից ոչ մեկի համար ցանկալի չէր Հալաստանում ունենալ թշնամաբար տրամադրված մի հատված, որը պատեհության դեպքում կարող էր վտանգ սպառնալ: Ահա թե ինչու Հայաստանի բաժանումից հետո Պարսկաստանը և Բյուզանդիան բացահայտ կամ գաղտնի, բռնությամբ, թե խաղաղ ճանապարհով, բայց հաստատ հետևողականությամբ շարունակում էին ձուլման իրենց ծրագրված քաղաքականությունը:

Բյուզանդիան և Պարսկաստանը սկսեցին եռանդուն ջանքեր գործադրել վերջ դնելու նաև հայ ժողովրդի մշակութային ինքնուրույնությանը: Պարսկաստանն այդ քաղաքականությունը Հայաստանում արդյունավորելու համար շեշտը դնում էր զրադաշտական կրոնի վրա:

Քրիստոնեությունը պետական կրոն ճանաչելուց հետո Հայաստանը ողողվել էր ասորի և հույն քարոզիչներով, որոնք իրենց հետ բերում էին ոչ միայն քրիստոնեության գաղափարներ, այլև իրենց մայրենի լեզուն, իրենց մշակույթը. որը պակաս վտանգավոր չէր Հայաստանի համար: Ազգային գիրն ու գրչությունը մի զենք էր՝ կռվելու պարսկական և բյուզանդական ձուլողական քաղաքականության դեմ և երաշխավոր միջոց՝ քաղաքականապես ջլատված, թուլացած Հայաստանի երկու մասերն իրար կա- պելու: Ահա թե ինչու հայրենասեր և հեռատես մտավորականները, Մաշտոցի գլխավորությամբ, այնքան հետևողականորեն նախանձախնդիր էին հայոց ինքնուրույն գրի ու գրականության ստեղծմանը: Սակայն արդարացի չէր լինի անտեսել մի կարևոր պարագա ևս. շուրջ մեկ հարյուրամյակ պաշտոնական կրոն ճանաչված քրիստոնեությունը տակավին երերուն էր, որովհետև մայրենի գրի ու գրչության բացակայության հետևանքով դժվար էր համակողմանի քարոզչություն ծավալել: Անհրաժեշտ էր նոր վարդապետության հիմնական ձեռնարկը, գոնե Նոր կտակարանը հայերենի թարգմանել և դրանով իսկ զինել հայ քարոզիչներին:

Հայոց գրերի ստեղծման հարցը առաջադրել է կյանքը, իսկ Մաշտոցը, նրա գործակիցներն ու աշակերտները մեծ հմտությամբ իրագործել են այն: Բացառիկ մեծ է Մաշտոցի և իր աշակերտների ջանքերով ստեղծված գրի նշանակությունը հայ ժողովրդի պատմության մեջ: Նոր հորինված ինքնուրույն գրերով և մայրենի լեզվով ստեղծվեց հսկայական մի մատենագրություն, որն իր պատվավոր տեղը գրավեց համամարդկային մշակույթի պատմության մեջ: Սակայն ավելի խոշոր է գրերի ստեղծման քաղաքական նշանակությունը: Նա անչափ մեծ դեր կատարեց հայ ժողովրդի ինքնագիտակցության բարձրացման գործում և պաշտպանող վահան դարձավ՝ օտարերկրացիների կործանարար քաղաքականության հանդեպ: