Լոք լեռ և Լոքի բերդ
Վրաստանի սահմանգխին է գտնվում Վիրահայոց լեռների գագաթներից մեկը՝ Լոք լեռը։ Վիրահայոց լեռները տարածվում են Հայաստանի և Վրաստանի սահմանի երկայնքով, մոտ 73 կմ երկարությամբ։
Թե ինչու «Լոք» դժվար է ասել։ Միայն կարելի է ենթադրել՝ մի լոնք ու դու սահմանի մյուս կողմում ես։ Լեռան բարձրությունը կազմում է 2140 մ։ Հարաբերական բարձրությունը կազմում է մոտ 400 մ։ Լոք լեռ բարձրանալու համար նախ պետք է հասնել Սարչապետ գյուղ, որը մարզկենտրոն Վանաձորից գտնում է 68կմ, իսկ Երևանից՝ 167 կմ հեռավորության վրա։ Վերելքը սկսվում է Սարչապետ գյուղից։ Քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է 10-11 կմ։ Լեռը հատկապես հրաշալի տարբերակ է ձմեռային արշավների սիրահարների համար, քանի որ հարաբերական բարձրությունը մեծ չէ։ Լոքի գագաթին գտնվում է Լոքի բերդը։ Հինավուրց բերդը թվագրվում է 12-րդ դարին։ Կա նաև փոքրիկ մի մատուռ, ոը վերջերս է վերանորոգվել։ Լավ եղանակի դեպքում գագաթից կարելի է տեսնել նույնիսկ Թբիլիսին։
Սարչապետ գյուղ
Սարչապետ գյուղը գտնվում է Լոռու մարզի Տաշիրի (նախկինում՝ Կալինինոյի) տարածաշրջանում։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1700մ։ Գյուղը տարածված է հենց Լոք լեռան լանջերին։ Սարչապետ գյուղը ձևավորվել է 19-րդ դարի 20-30-ական թվականներին։ Բնակչության մեծ մասը կազմում են Արևմտյան Հայաստանի Մուշից, Ալաշկերտից գաղթածները։ Պատճառը ռուս-թուրքական պատերազմն էր։
Մի պատմություն կա կապված գաղթականների հետ։ Ասում են, որ տեղահանված ընտանիքները մտադրված են եղել անցնել Լոք լեռան մյուս կողմ, դեպի անտառներ (Վրաստան), բայց ճանապարհին սայլի անիվը ջարդվում է և չկարողանալով հաղթահարել Լոք լեռան բարձունքը, նրանք հաստատվում են լեռան ստորոտին։ Ներկայումս գյուղի բնակչության թիվը կազմում է մոտ 2100 բնակիչ։ Բնակչությունը աղքատ է, հիմանական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն են։
Թե ինչու Սարչապետ, հստակ տեղեկություններ չկան։ Որոշ աղբյուրներում նշվում է, որ պարսկերենից թարգմանաբար Սարչապետ նշանակում է թռչնի բույն։ Եվ իրոք, սարերով շրջապատված գյուղը կարելի է նմանեցնել թռչնաբնի։ Գյուղի կենտրոնում կա 1913 թ-ին կառուցված քաղքեդոնական եկեղեցի, որը կիսաքանդ վիճակում է և չի գործում։
Շատ գեղեցիկ է ներկայացնում Լոք լեռան և հարակից գյուղի՝ Սարչապետի պատմությունը Նադար Բարոյանը իր «Լոք» պոեմում։ Աշխատանքը տարբերվում է իր ժողովրդական բանահյուսությանը բնորոշ արտահայտչականությամբ, կերպարների բնականությամբ և բարբառային տողերի գեղեցիկ և նպատակային օգտագործմամբ։















