ՆՈՐԱՏՈՒՍԻ ԽԱՉՔԱՐԵՐ

Գեղարքունիքի մարզում, Գավառագետի աջ ափին է գտնվում Նորատուս գյուղը, որը հայտնի է իր հնագույն հուշարձաններով:

Նորատուսի հուշարձանները

Նորատուս համայնքը գտնվում է Երևանից մոտ 95 կմ, ծովի մակարդակից 1925մ բարձրության վրա, Սևանա լճի հր-արմ ափին:

Ըստ ավանդության գյուղը կառուցել է Գեղամ նահապետը և կոչել Նորատունս՝ նոր տունս, հետագայում “ն” հնչյունը սղվել է, և պահպանվել է ավելի բարեհունչ Նորատուս անունը։

Նորատուս գյուղի մոտ հայտնաբերվել են հնագույն դամբարաններ: Այստեղից գտնված առարկաները՝ գոտիներ, նետասլաքներ, ապարանջաններ, կավամաններ, վկայում են այն մասին, որ այս տարածքը բնակավայր է եղել դեռևս բրոնզի ու երկաթի դարերում։

Գյուղի կենտրոնում գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին: Եկեղեցին կառուցել է Գեղարքունիքի Սահակ իշխանը 9-րդ դարի վերջում: Եկեղեցու գմբեթավոր սրահը ամբողջովին կառուցված է եղել սրբատաշ մեծ քարերով: Բակում բազմաթիվ խաչքարեր և տապանաքարեր կան։ Ամենահին արձանագրությունն այստեղ փորագրված էր մի խաչքարի վրա (996 թ.), որն այժմ ցուցադրվում է Հայաստանի պատմության թանգարանում։ Եկեղեցին արերվել էր թշնամիների կողմից, սակայն կրկին  վերակառուցվեց և այժմ գործում է։

Գյուղի հարավարևելյան եզրին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է: Թեև ընդունված է այն թվագրել 13-րդ դարով, սակայն արձանագրություններն ու շինարվեստը վկայում են, որ շենքը կառուցվել է դեռ 10-րդ դ.-ից առաջ։ Վանքի արևմտյան պատին պահպանվել է Հերակղ (Հերակլ) Հավնունի իշխանի արձանագրությունը։ Ըստ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի` կոչվել է Դոփուց (Դափունց, դահիրա) վանք և եղել է կուսանոց։

Գյուղից մոտ 2 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող բարձունքի վրա մատուռ կա։ Վկայարանը փոքրիկ, 6 քմ մակերեսով միանավ սրահ է ՝ շարված խնամքով։ Արևմտյան պատը շարված է խաչքարերով, իսկ բակի շուրջը կան խցերի ավերակներ։

Նորատուսի այցեքարտը, իհարկե, գյուղի հարավային գերեզմանատունն է՝ իր խաչքարերով, որը հաճախ անվանում են խաչքարերի անտառ։

Խաչքարերի անտառը

Հայկական խաչքարագործության արվեստը, որն սկսել է զարգանալ վաղ քրիստոնեական շրջանում և իր բարձրակետին է հասել միջնադարում, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական  մշակութային ժառանգության ցանկում:

Ջուղայի գերեզմանատան կործանումից հետո Նորատուսը խաչքարերի ամենամեծ համալիրն է աշխարհում։ Ջուղա քաղաքի պատմական գերեզմանատանը գտնվող մոտ 2500 խաչքարերը 1998-2005 թթ. ընթացքում ավերվեցին Ադրբեջանի կողմից։

Նորատուսի գերեզմանատանը կան 2500 խաչքարեր: Գերեզմանատունը  զբաղեցնում է 7 հա տարածք Խաչքարերը թվագրվում են 9–18–րդ դարերով: Խաչքարերը իրենցից ներկայացնում են տապանաքարեր: Դրանց միջոցով մարդիկ փորձել են անմահացնել նախնիների հիշատակը։ Խաչքարերից ոչ մեկը մյուսին նման չէ: Յուրաքանչյուր խաչքար մյուսից տարբերվում է մշակման տեխնիկայով, զարդաձևերի ու հորինվածքային առանձնահատկություններով:

Խաչքարերի խորհրդավոր անտառում մեծամասնություն են կազմում XIII-XVII դդ. խաչքարերը, որոնց գգալի մասը խմբավորված են՝ կազմելով այս կամ այն ընտանիքի գերեզմանատունը: Դրանցից որոշների բաձրությունը հասնում է մինչև 1,5 մետրի:

Ավանդազրույցներ

Նորատուսի խաչքարերի մասին ժողովրդական տարբեր ավանդազրույցներ կան, ամենահայտնիները երկուսն են։ Դրանցից մեկը պատմում է, որ երբ թուրքերը ներխուժում են Գեղարքունիք, Գեղամ իշխանը շատ քիչ զինվորներ է ունենում։ Նա հրամայում է զինվորական համազգեստ հագցնել խաչքարերին: Այդպես էլ անում են․ հեռվից թշնամուն թվում է, թե մեծաքանակ զորք է կանգնած իր դիմաց, և փախուստի է դիմում, Գեղամ իշխանն էլ իր խմբով հարձակվում և պարտության է մատնում նրան:

Մյուս ավանդազրույցը կապված է դամբարանի տարածքի փոքրիկ մատուռի հետ: Զրույցն ասում է, որ այս մատուռի շնորհիվ փրկվել է ողջ գյուղը։ Ավանդազրույցի համաձայն, գյուղ ներխուժած թաթարները պայմանավորվում են գյուղի ավագների հետ, որ կխնայեն բոլոր այն մարդկանց կյանքը, ովքեր կտեղավորվեն ժամատան ներսում։ Մատուռի գաղտնի ելքով բնակիչները կարողանում են փախչել։ Թաթարական բանակի հրամանատարը մտնում է ներս և ապշահար  լինում, երբ տեսնում է միայն աղոթող մի քանի հոգու։ Աղոթողները «հրաշքը» բացատրում են այսպես. մարդիկ վերածվել են աղավնիների ու թռել երկինք: