ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԵՐ

Հայկական գորգագործությունը ունի հազարամյակների պատմություն: Հայաստանում գորգագործությունը՝ իբրև արհեստ զարգացած է եղել դեռևս վաղնջական ժամանակներից։

5-4-րդ դդ հույն պատմիչ Քսենոփոնն իր «Անաբասիս» աշխատությունում հիշատակում է Հայաստանում գորգագործության զարգացվածության և հայերի թանկարժեք գործվածքների՝ գորգերի պատրաստման մասին՝ «․․․զորավար Տիմասիոն Դարդանացու մոտ Հայաստանից տարված գորգերից մեկը 10 մինա արժողությամբ էր ( մոտ 4,4 կգ ոսկի)»:

 Հայկական գորգերը մեծ հռչակ են վայելել հատկապես որակի շնորհիվ, որի գլխավոր պայմաններն են եղել նուրբ և ողորկ թելն էր: Գորգի թել ստանալու համար Հայաստանում բուծել են որակյալ և երկարամազ բրդատու ոչխարներ, որոնց բուրդը մշակել և ստացել են որակյալ, փափուկ, ողորկ և հատուկ փայլով թել, ինչը հանդիսացել է հայկական գորգի հիմնական առավելություններից մեկը: Թելը ներկելու համար Հայաստանում շատ է օգտագործվել «Որդան կարմիրը»: Ք. ա. 5-րդ դարի հույն պատմիչ Հերոդոտոսը գրել է, որ կովկասցիները ներկում էին բուրդը բույսերից ստացված ներկով, այնուհետև դրանից մշակում էին թել և նկարազարդում այն։

Գորգ և կարպետ

Հայերենում գորգ և կարպետ բառերն օգտագործվում են որպես հոմանիշ բառեր՝ միայն այն տարբերությամբ, որ գորգերն ունենում են թելախավ, իսկ կարպետները՝ ոչ: Գորգ բառն առաջին անգամ հիշատակվում է Տավուշի Կապտավանք եկեղեցու պատին եղած արձանագրություններից մեկում (1242-1243 թվականներին), իսկ կարպետ բառն առաջին անգամ հիշատակվում է 5-րդ դարի Ավետարանում՝ գրաբարյան «կապերտ» ձևով:

Ամենահին գորգերը

Հայաստանում ամենահին գործվածքները գտնվել են Արթիկի հնագույն դամբարաններից մեկում Ք. ա. XVI-IX դդ: Ուշագրավ են գործվածքի վրայի նախշերը՝ կեռ խաչաձևեր, Տ-աձև պատկերներ, կեռ գծեր, որոնք այսօր էլ գործում են հայկական գորգերի և կարպետների վրա: Թեյշեբանի ամրոցի (Կարմիր բլուր, Ք.ա. VII դ.) պեղածո գործվածքների մեջ կան կարպետների և գորգերի պատառիկներ՝ ապացույց, որ ուրարտացիները ծանոթ են եղել կարպետագործությանը և գորգագործությանը: Ք.ա. V-րդ դար թվագրվող Պազիրիկ գորգը հայտնաբերվել է 1949 թ. Լեռնային Ալթայ Պազիրիկ կուրգանի թիվ 5 դամբարանից։ Գորգը շուրջ 2500 տարի մնացել է սառած դամբարանում ու, այդպիսով, զերծ մնալով արտաքին որևէ ազդեցությունից՝ հասել է մինչ մեր ժամանակները։

Ժողովրդական հավատալիքներ

  •       Ժողովրդական հավատալիքներում այնքան էին սրբազնացնում գորգը, որ հավատում էին, թե այն կարող է անգամ չբերություն բուժել: Ասում են՝ Հին Հայաստանում, երբ կինը երեխա չէր ծնում, նրա համար հատուկ գորգ էին հյուսում: Այդ գորգի վրա պատկերում էին պտղաբերություն խորհրդանշող նախշեր / սովորաբար գորգի վրա պատկերում էին նուշ և փոքրիկ մարդուկներ/: Այդ գորգերը կոչվել են «Նշագորգեր», որոնք մինչև այժմ շատ հայտնի և տարածված են Հայաստանում: Գորգը պետք է գործեր պտուղ չտվող կնոջը շատ հարազատ մեկը, ով գորգը գործելու ամբողջ ընթացքում օրհնանքներ պետք է ասեր, երգեր և փառաբաներ Աստծուն՝ խնդրելով երեխա պարգևել իր բարեկամին: Երբ գորգն արդեն պատրաստ է լինում, կինը, ով ցանկանում էր պտուղ ունենալ, պառկում էր դազգահի տակ և կանայք կտրում են գորգը՝ գցելով այն կնոջ վրա: Այդ պահին էլ ամիսներով կուտակված օրհնանքներն ու բարի մաղթանքները, դրական էներգիան, որը փոխանցվել էր գորգին, անցնում է կնոջը և նա պատրաստ է լինում հղիանալու ու պտուղ տալու:
  •       Նորապսակների թիկունքում կախված գորգը իբր պաշտպանում է չարից ու արգասաբերություն պարգևում: Իսկ մահացածի տակ փռված գորգը նրան դեպի հավերժական կյանք ուղեկցելու կամ կենդանացնելու խրհուրդ ունի. ասում են, որ Շամիրամը Արա Գեղեցիկին մի գորգի վրա էր պառկեցրել և հույս ուներ, որ դա կօգնի Արային կենդանացնել:
  •       Հնում գոյություն են ունեցել արքայական գորգեր, որոնք հատուկ գործվել են արքաների համար: Այնքան են կարևորվել գորգերը, որ եթե անգամ արքան սենյակում կամ վրանում չի եղել, գորգի մոտով անցնելիս երկրպագել են, ինչպես կխոնարհվեին արքայի առաջ: Բացի այդ` ոչ ոք իրավունք չի ունեցել կանգնել այդ գորգի վրա:
  •       Գորգերի և կարպետների մասին բազմաթիվ հիշաատակություններ են պահպանվել նաև հայկական բանավոր ավանդազրույցներում, հեքիաթներում, երգերում և «Սասունցի Դավիթ» էպոսում։ Այսպես, օրինակ, «Անահիտ» հեքիաթի հերոսուհին ասում է, որ կհամաձայնի ամուսնանալ արքայազնի հետ այն պայմանով, որ նա  իրեն որևէ արհեստ սովորեցնի՝ նախապատվությունը տալով գորգագործությանը:
  •       Հին Հայաստանում գորգը դասվել է սրբազան առարկաների շարքին և պաշտամունքային նշանակություն ունեցել: Ժողովրդական պատկերացումների համաձայն՝ գորգը մարմնավորել է տիեզերքը: Տիեզերքը, տվյալ դեպքում՝ գորգը, միշտ ունեցել է կենտրոն՝ մեդալիոն, որը խորհրդանշել է կյանքի, հավերժության, լույսի, սիրո, պայքարի, իմաստության գաղափարը: Գորգադաշտը մարմնավորել է տիեզերական տարածությունը, որտեղ տեղադրվել են հողի, ջրի, կրակի, արևի, աստղի, բույսերի, կենդանիների, մարդկանց խորհրդանշական պատկերները: Գորգն ավարտվել է դաշտը եզրափակող շրջագոտիով, ինչը համեմատվել է տիեզերքը պաշտպանող գոտու հետ:
  •       Տարեգիրների բազմաթիվ վկայություններով` հայկական կարմիր գորգերը ձեռքից ձեռք էին խլում Կահիրեի առևտրական տներում, իսկ եգիպտական Ասյուտա քաղաքում արտադրվող մորեգույն գորգերը բարձր էին գնահատվում միայն նրա համար, որ հիշեցնում էին հայկականը: Նույնիսկ պարսկական գորգերից լավն ու որակյալ էին համարվում նրանք, որոնք հիշեցնում էին հայկականը: Բայց այս դեպքում էլ լավերի մեջ լավագույնը համարվում էին Իրանի Իսպահան նահանգում հյուսվածները, որոնք ստեղծում էին Շահ Աբաս արքայի կողմից Ջուղայից Իրան բռնագաղթված հայ վարպետները: Իսպահանյան գորգերը հատկապես հիշեցնում էին շքեղ հայկականները:

Գորգերի գործածությունը

Հայաստանում սկզբնական շրջանում գորգերը նախատեսված էին կենցաղային նպատակների համար: Դրանք կախում էին պատերից, գցում հատակին, թախտին, մահճակալին կամ սունդուկի վրա: Տաճարներում գորգերը որպես վարագույր էին ծառայում աղոթատան կամ զոհասեղանի համար: Տներում գորգերով փակում էին դռների բաց միջնորմները կամ նորապսակների ու արդեն մեծացած երեխաների համար, այսպես ասած, սենյակ էին առանձնացնում: Գորգի թելերից էլ պատրաստում էին նժույգների համար զարդարանքներ, խուրջիններ, աղամաններ, անկողնային պարագաները պահելու համար պահոցներ, և այլն: Աստիճանաբար գորգերը դարձան արքայական պալատների և ֆեոդալական դղյակների գորշ պատերի թանկարժեք զարդարանքներ: Վաղ վիշապագորգերի ահռելի մակերեսներին պատկերված էին առասպելական և իրական շատ կենդանապատկերներ` վիշապ, փյունիկ թռչուն, ուղտ, առյուծ, եղջերու, ձի:

Անգամ ամբողջ աշխարհը շրջած 13-րդ դարի իտալացի ճանապարհորդ Մարկո Պոլոն էր պնդում, որ հենց հայերն էին հյուսում աշխարհի ամենանուրբ և գեղեցիկ գորգերը: Սակայն դեռևս մեծ վենետիկցու վկայությունից 2 դար առաջ` 11-րդ դարի սկզբին, հայկական գորգերի վաճառքի թույլտվությունը տրվում էր պետական ամենաբարձր մակարդակով:

Գորգերի տիպաբանությունը

Հայոց գորգերի տիպաբանության մեջ որպես տիպերի անվանումներ ընդունված են՝ այն տարածաշրջանի կամ բնակավայրի անվանումը, որին առավել բնորոշ է տվյալ տիպը, գորգադաշտի երկրաչափական ձևի անվանումը կամ գեղազարդման համակարգի թեմատիկ ուղղվածության կամ հիմնական հորինվածքի անունը։

Ըստ այդմ՝ առանձնացված են ներքոհիշյալ խմբերը.

  1. Բուսածաղկային
  2. Խաչազարդով կամ խաչաձև հորինվածքով
  3. Բազմանիստ խոշոր հորինվածքով
  4. Շեղանկյունազարդով
  5. Աստղազարդով
  6. Խորանավոր
  7. Մեկ ընդհանուր զարդաշրջանակում ամփոփված հորինվածքներով
  8. Գունաշերտերով
  9. Վիշապապատկերով
  10. Ջրաբերդ
  11. Թեմատիկ-Պատկերային

Գորգերի զարդանախշերը

Հայկական գորգերի գլխավոր առանձնահատկությունը զարդանախշերն են,  դրանցից և ոչ մեկը հենց այնպես հյուսված չէ, ամեն զարդանախշ իր նշանակությունն ունի։

Հայկական գորգերի վրա ամենից հաճախ հանդիպող սիմվոլն Աստծո սիմվոլն է, որը պատկերվում է ծաղկյալ խաչի, արևի կամ աստղի տեսքով: Սովորաբար այն պատկերվում է գորգի կենտրոնում: Գորգերի ամբողջ կոմպոզիցիան հաճախ ներկայացնում է տիեզերքը` կենտրոնում` Աստված: Շատ է հանդիպում նաև կենաց ծառը: Ինչպես խաչը, արևը կամ աստղը, այնպես էլ կենաց ծառը վիշապագորգ կոչվող տիպում շրջապատված է լինում վիշապանախշերով:

***

Այսօր աշխարհի բազմաթիվ թանգարաններում պահպանվում են հայկական գորգերի բացառիկ նմուշներ:

Ժամանակագրությունը ցույց է տալիս, որ գորգագործությունը չի դադարել լինել հայ ժողովրդի սիրելի զբաղմունքը, և հազարամյակների խորքից այն հասել է մինչև մեր օրեր: