ԺԱՅՌԱՄԱԳԼՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանի բազմաթիվ լեռները և ժայռերը հնարավորություն են տալիս զարգացնել ժայռամագլցումը։  Ժայռամագլցումն օգնում է դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց, հաղթահարել վախը և սկսել վստահել ինքներդ ձեզ: Ժայռամագլցման տարբեր ուղիները տարբեր զգացողություններ են առաջացնում: Ժայռամագլցմամբ զբաղվող շատ մարդիկ նշում են, որ դա նման է հոգեբանական թերապիայի: Սա օգնում է ավելի ինքնավստահ դառնալ, պատրաստ լինել տարբեր խնդիրների լուծմանը, ցանկացած իրավիճակում հանգստություն պահպանել: Հայաստանում ժայռամագլցմամբ կարելի է զբաղվել Նորավանքում, Արզնիում, Դավիթաշենում, Գառնիի և Արփա գետի կիրճերում:

Հայաստանում գործում է ժայռամագլցման ֆեդերացիան, որը 2009 թվականին անցկացրել է ժայռամագլցման առաջին մրցաշարը: Մրցաշարը սկսվեց Հրազդանի կիրճից, շարունակվեց Նորավանքի կիրճում, ապա ՝ Դժոխքի կիրճում և ավարտվեց Գառնիի կիրճում: