Բջնիի ամրոցը միջնադարյան ամրոցաշինության նշանավոր կառույցներից մեկն է: Գտնվում է Կոտայքի մարզի Բջնի գյուղում, գյուղի մերձակա հրվանդանների վրա, Հրազդան գետի երկու ափերին: Այն գրանցված է ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա` պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում` որպես առանձին միավոր և գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հոգածության ներքո:
Երկար ժամանակ համարվում էր, որ Բջնիի ամրոցը X-XI դարերում կառուցել են Պահլավունիները։ Սակայն 1970-ականների պեղումների ժամանակ շատ ավելի հին շինություններ հայտնաբերվեցին` եկեղեցիների, պալատի, բնակելի տների պատեր, ջրամբար և ստորգետնյա թունել։ Պահլավունի իշխանները հին եկեղեցին վերակառուցել են միջին դարերում` դարձնելով Հայաստանի ուժեղագույն ամրոցներից մեկը։
Բերդը ավերվել և ամայացել է XVI-XVII դդ.: 1977-1978 թթ., մի արշավախումբը՝ Ղարիբյանի ղեկավարությամբ, այստեղ պեղումներ է կատարել, որոնց շնորհիվ բացվել են 9-10 դդ. կենտրոնագմբեթ Սուրբ Խաչ եկեղեցին:
2007-2008 թթ. վերականգնվել են ամրոցի պարիսպները, աշխարհիկ շինության և կից կառույցի, եկեղեցիների հիմքերը, ամրակայվել են ջրամբարն ու գետնուղու սկիզբը:
Բջնի գյուղը
Բջնի գյուղն առաջին անգամ հիշատակվում է Vդ., Ղազար Փարպեցու «Պատմություն Հայոց»- ում: XI դարից Բջնին հիշվում է որպես բերդաքաղաք։ Այս շրջանում Բջնին Վասակ-Հոլում Պահլավունու նստավայրն էր։ Վերջինս վերաշինեց ամրոցը և 1020-ական թթ. ետ մղեց Բջնիի վրա հարձակում գործած քոչվոր ցեղերին։ Բջնին դարձավ Հայաստանի չորս եպիսկոպոսական աթոռանիստներից մեկը, որին վերապահված էր կաթողիկոսի ընտրությունը։ 1072թ.-ից Բջնին ընկավ թուրք-սելջուկների գերիշխանության տակ, ենթարկվեց ավերների ու կողոպուտի։ 1201թ.-ին հայոց զորքերը գրավեցին Բջնին, և այն դրվեց Զաքարյանների իրավասության ներքո, ապա դարձավ Աթաբեկ Զաքարյան Ավագի աթոռանիստը։ 1386թ.-ին Բջնին ենթարկվեց Լենկթեմուրի հրոսակների ասպատակությանը։ XIII-XIVդդ. Բջնիում էր նստում Այրարատյան նահանգի արքեպիսկոպոսը, որը Արևելյան Հայաստանի չորս գերագահ եպիսկոպոսներից մեկն էր, և որի ձայնը վճռական նշանակություն ուներ կաթողիկոսական ընտրությունների ժամանակ։ Բջնին հայ գրչության օջախներից էր։ 1478թ.-ին գրված մի Ավետարանի հիշատակարանում Բջնին հիշատակվում է «աստվածաբնակ և անառիկ դղյակ Բջնի» ձևով։ Բջնիի արևելյան մասում՝ բլրի գագաթին, VIIդ. Կառուցվել է Ս.Սարգիս եկեղեցին։ Իր արտակարգ փոքր չափերի հետևանքով (Հայաստանի նույնատիպ եկեղեցիներից ամենափոքրն է) կոնստրուկցիաները խիստ պարզեցված են։ Սարահարթի վրա Պահլավունի իշխանները X-XIդդ. Հիմնել են մի բերդ, որը դարեր ի վեր Նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները։ Բջնի բերդի տիրակալն էր Վասակ Պահլավունին, որի որդին՝ Գրիգոր Մագիստրոսը, 1031թ.-ին կառուցել է Ս.Աստվածածին եկեղեցին (այժմ էլ կանգուն)։
Բջնիի ամրոցի կառուցվածքը
Բերդատարածությունը բնականորեն թելադրել է այն բաժանել երկու` մեծ և փոքր մասերի: Փոքրի վրա, որը 10—15 մ ցածրադիր է մեծի համեմատությամբ և ունի 1200-1500 քմ մակերես, տեղադրված է եղել ստորին, իսկ գագաթի մնացած մասում վերին ամրոցը: Մեծ ամրոցում է գտնվել բազալտե քարերով կառուցված և կրաշաղախով սվաղված թաղածածկ ջրամբարը: Իսկ Փոքր կամ Ստորին բերդի հարավարևմտյան կողմում՝ պարսպաշղթայի մոտ, կառուցվել է դեպի Հրազդան գետը տանող թաղածածկ ու կամարակապ մուտքով գաղտնուղին: Ի դեպ, Հրազդան գետ տանող գաղտուղին ամրոցի պարիսպների մոտ պահպանվել է մինչ օրս, սակայն դրանով անցնել խորհուրդ չի տրվում` անվտանգության նկատառումներից ելնելով։ Ամրոցի մուտքը հյուսիսային կողմից է:
Ամրոցի պատմամշակութային հուշարձաններն են՝
- Սբ Խաչ եկեղեցին,
- պալատական շինությունը,
- հացահատիկի ամբարը,
- գաղտնուղին,
- արտադրական և բնակելի համալիրներ:
Անառիկ ամրոցը
Բջնի ամրոցը տեղակայված է ծովի մակարդակից 1,504 մետր բարձրության վրա: Ամրոցից բազվող տեսարանը հիասքանչ է: Վերևից երևում է ամբողջ Բջնին, Հրազդան գետը, Աստվածածնի եկեղեցին` հիմնված 1031 թվականին հայ իշխան Գրիգոր Մագիստրոս Պահլավունու կողմից, 7-րդ դարի փոքրիկ գմբեթավոր սբ. Սարգիս եղեկեցին:
Ամրոցը մի կողմից պաշտպանված է խոր կիրճերով, մյուս կողմից` ամրոցի պարիսպներով, որոնք ամրացված են կիսակլոր աշտարակներով։ Ամրոցի պատի երկարությունը 120 մետր է։
Իշխանաց իշխան Վահրամ Պահլավունու եղբայր Վասակ Սպարապետի (Վասակ Հոլում) և նրա որդի Գրիգոր Մագիստրոսի օրոք կառուցվում են Բջնի ամրոցի կրկնապարիսպները: Պաշտպանական նկատառումներով երկրորդ շարքի պարիսպները ավելի բարձր են ճակատային պարիսպներից:Բնական բացառիկ նպաստավոր դիրքի շնորհիվ Բջնի ամրոցը միջնադարյան Հայաստանի ամենաանառիկ պաշտպանական համալիրներից էր։ Պահլավունիների օրոք կառուցված պարիսպները հետագայում վերանորոգվել և ամրացվել են Զաքարյանների տիրապետության շրջանում` մինչև XIV դար: Պարիսպների մի մասը պահպնավել է մինչև այսօր:



