ՀԵՐՄՈՆԻ ՎԱՆՔ

Հերմոնի վանքը  համարվում է Վայոց ձորի հնագույն հուշարձաններից մեկը: Համաձայն Ստեփանոս Օրբելյանի վկայության, այն հիմնադրվել է 936 թվ., սյունյաց գահերեց իշխան Սմբատի և եպիսկոպոսի կողմից: Վանքը գտնվում է Եղեգիսի կիրճում՝ Եղեգիս գետի ձորալանջին: Վանքը կոչել են նաև ահերմոնի վանք, Կնեվանք: Վանքը կոչվել է ծերունի ճգնավոր Ահերմոնի անունով:

Վանքի կառուցվածքը

Վանքում կառուցված առաջին եկեղեցին եղել գմբեթավոր և կոչվել է Գրիգոր Լուսավորչի անունով: Ներկայիս Սուրբ Գրիգոր եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում: Այն կառուցվել է հին եկեղեցու տեղում և իրենից ներկայացնում է եռանավ բազիլիկա: Եկեղեցին կառուցված է սրբատաշ բազալտով: Այժմ գտնվում է կիսավեր վիճակում՝ քանդված են գմբեթը և հարավային պատի մի մասը:

Վանքը ամբողջությամբ եղել է պարսպապատ: Ներկայումս պահպանվել է պարիսպների մի մասը: Վանքի ուղղանկյուն հատակագծով պարսպապատ տարածքում կարելի է տեսնել երբեմնի համալիրի շինությունների հետքեր։

***

10-րդ դարում Գնդեվանքը կառուցած իշխանուհի Սոփին գնել և Հերմոնի վանքին է նվիրել գյուղ, այգիներ, ծաղկանոցներ և այլն: Հերմոնի վանքին նյութական մեծ աջակցություն է ստացել Սյունյաց Օրբելյան իշխաններից, որոնք հովանավորել են նրա գործունեությունը:

Վանքի նշանավոր դպրոցը

1338 թվականին Հերմոնի վանքում է հաստատվում վարդապետ Կիլիկեցին, ով Գլաձորի հայտնի համալսարանի շրջանավարտներից էր և Եսայի Նչեցու աշակերտը: Նա այստեղ նոր դպրոց է հիմնում, որը հայտնի է որպես Հերմոնի վանքի դպրոց: Հերմոնի վանքի դպրոցը գործել է Գլաձորի համալսարանին զուգընթաց:

Տեղի վանահայր Հովհաննես Հերմոնեցու օրոք՝ 15-րդ դարի 40-ական թվականներին վանքի դպրոցը ստանում է համահայկական ճանաչում: Հերմոնի վանքը տվել է նշանավոր մտավորականներ, գրիչներ, նկարիչներ: Այստեղ գրվել և ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագիր մատյաններ: Դրանցից մոտ 30-ը պահպանվել են: Հերմոնի վանքի դպրոցը գործել է շուրջ հարյուր տարի: