ԱՐՈՒՃԱՎԱՆՔ

Արագածորտնի մարզի Արուճ գյուղում՝ Արագած լեռան արևմտյան լանջի ստորոտում է գտնվում հայկական հոգևոր և ճարտարապետական նշանավոր կոթողներից Արուճավանքը: Արուճի վանքը համարվում է Արուճ գյուղի ամենամեծ վանական համալիրը: Ըստ շինարարական արձանագրությունների, Արուճի եկեղեցին կառուցել է Գրիգոր Ա Մամիկոնյանը VIIդ. 60-ական թթ։

Արուճավանքի կառուցվածքը

Արուճը վաղ միջնադարյան գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցիների շարքում ամենամեծն է: Այն նշանավոր է թե՛ իր ճարտարապետությամբ և թե՛ կառույցի ժամանակակից որմնանկարներով։ Եկեղեցին կանգնած է եռաստիճան գետնախարսխի վրա: Ունի  աղոթասրահ, առագաստային անցումով գմբեթ (այժմ՝ քանդված), արևելյան խորանի երկու կողմերում, երկուական պատուհաններով ավանդատներ՝ իրենց վերին թաքստոցներով: Մուտքերը հյուսիսային, հարավային և արևմտյան կողմերից են: Կառուցված է սև, սրբատաշ տուֆ քարով: Արուճի տաճարի դերը հայկական ճարտարապետության մեջ նշանավորվում է իր որմնանկարներով, որոնք հայկական վաղ միջնադարյան մոնումենտալ գեղանկարչության լավագույն օրինակներից են: Ցավոք որմնանկարների մայն փոքր մասն է մեզ հասել: Ավագ խորանի գմբեթարդում մոտ 7 մ բարձրությամբ պատկերված է Քրիստոսը՝ ձախ ձեռքին մագաղաթագալար։ Պատվանդանի տակ գրված է նկարչի անունը՝ Ստեփանոս։Խորանը բոլորապատված է ականթի տերևներից, վարդյակներից, պտուղներից միահյուսված զարդագոտիով: Մատենագրական աղբյուրներում հիշատակված է պալատը, որ նույնպես կառուցել է Գրիգոր Մամիկոնյանը տաճարի հարավարևելյան կողմում, բացվել է 1948-1951 թթ-ի պեղումների ժամանակ։  Արուճում պահպանվել են նաև բրոնզի դարի դամբարանների, հին ամրոցի, քարավանատան (XIIIդ) և այլ հուշարձանների ավերակներ։

Վանքի պեղումները

1953 թ. Արուճի պալատի պեղումների արդյունքների մասին հանգամանալից հոդվածով հանդես է եկել պեղումների ղեկավար Վարազդատ Հարությունյանը։ Պեղումների շնորհիվ Արուճի տաճարից հարավ եւ հարավ-արեւելք բացվեցին առանձին երկու խոշոր շինություններ, ինչպես նաեւ մատուռի ավերակներ։ Վարազդատ Հարությունյանը մեծ շինություններից մեկը պայմանականորեն կոչել է առաջին դահլիճ, երկրորդը՝ աշխարհիկ շենք՝ սյունազարդ դահլիճով:

Մետաքիսի ճանապարհը

Միջնադարում Արուճը գտնվել է Մետաքսի ճանապարհի վրա, և գյուղում պահպանվել է XIII դարով թվագրվող քարավանատունը, որը մեծ մուտքով ընդարձակ շինություն է․ այդ մուտքով պետք է կարողանային անցնել բեռնված կենդանիները։ Կենտրոնական սրահը նախատեսված է եղել կենդանիների համար, իսկ կողային շինությունները` տերերի և նրանց ծառաների։

Ներկայիս վիճակը

1946-1948 թվականներին Արուճավանքը մասնակի վերականգնվեց, և հաջողվեց վերստեղծել եկեղեցու նախնական տեսքը։ Սակայն վանքի գմբեթն այդպես էլ չտեղադրվեց։ Այժմ վանքը գտնվում է կիսավեր վիճակում

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։