ՇԱՏԻՎԱՆՔ

Վայոց Ձորի մարզի Շատին գյուղից 4 կիլոմետր արևելք է գտնվում ուշ միջնադարի կրոնական և մշակութային խոշոր կենտրոններից մեկը՝  Շատիվանքը: Վանքը կառուցվել է 929 թվականին  Բագրատունի  Աբաս Ա թագավորի գահակալության շրջանում::  Հիմնադրել է Սյունյաց Տեր Հակոբ եպիսկոպոսը, որի մասին մեզ հաղորդում է  Ստեփանոս արք. Օրբելյանը: Վանքն իր անունն ստացել է Վերին Նորավանքի առաջնորդ Շատիկ Մենակյացի անունից:

Վանքի կառուցվածքը

Բաղկացած է եկեղեցուց և վանական միաբանության բնակելի ու այլ շինություններից: 14-րդ դարից հետո վանքը անկում է ապրել և 17-րդ դարի կեսին նույն տեղում նոր վանք են կառուցել: Շատիվանքի շինությունները հետագա նորոգումների արդյունքում կորցրել են իրենց նախնական տեսքը:

Վանքի սուրբ Սիոն եկեղեցին իրենից ներկայացնում է երկթեք տանիքով եռանավ բազիլիկա: Եկեղեցին կառուցվել է 1655-ին ջուղայեցի վաճառական Մահտեսի Հակոբի (Հակոբ Ջուղայեցի) հովանավորությամբ: Կառուցվել է սրբատաշ բազալտ քարերով 1655 թվականին: Կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում ունի  ուղղանկյուն ավանդատներ: Եկեղեցու ավագ խորանի պատերը կրում են ավետարանական թեմաներով որմնանկարներ, որոնցից յուրաքանչյուրի տակ հայերեն սև տառերով դրոշմված է` «Ոտնալուայ», «Վերնատուն», «Քարընկէց»:  Եկեղեցին ունի երեք մուտք, 8 լուսամուտ: Եկեղեցու արևմտյան կողմում կան մի փոքրիկ գավթի ավերակներ։

Վանքն ունեցել է ուղղանկյուն հատակագծով, հարավից երեք կիսաշրջանաձև բուրգերով ուժեղացված պարիսպները, դրանց կից բնակելի սենյակներ, սեղանատուն, որն այժմ քանդված է: Սեղանատունը կառուցել է Մովսես վարդապետը 1655–1668 թվականներին: Ընդհանուր առմամբ  ունեցել է 35 բնակելի և այլ երկհարկ շենքեր:

Վանքի պարիսպներից դուրս գտնվել է գոմը և ախոռը, որոնք կառուցել է Անտոն վարդապետը 1749 թվականին։ Պարսպից դուրս՝ հյուսիս- արևելյան կողմում գերեզմանատունն է:

Վանքն ունեցել է տնտեսական և օժանդակ շինություններ՝ ձիթհան, ջրաղաց, ջրանցք, կամուրջ: Վանքի բակում կան մեծ ջրամբարներ ու հացահատիկի հորեր:

Շատինում պահպանվել են 10–14-րդ դարերին թվագրվող  բազմաթիվ խաչքարեր, վիմագիր արձանագրություններ և դրանց բեկորներ։

Վանքի պատմությունը

Վանքի բարգավաճմանն են նպաստել ջրանցքը, կամուրջը, Նախիջևանն ու Սյունիքը Սևանի ավազանին կապող ճանապարհի վրա գտնվելը, սերտ կապերը Ջուղայի և Գողթն գավառի հետ: Պատմիչ Ստ. Օրբելյանը վանքը կոչել է «խստակրոն, մեծահռչակ մշտնջենավորանոց»:

Լինելով Սյունիքի կրոնական և մշակութային խոշոր կենտրոններից մեկը՝ Շատիվանքն ունեցել է դպրոց, գրատուն, 70-90 հոգանոց միաբանություն: Այստեղ հայտնաբերվել են 30-ից ավելի վիմագիր արձանագրություններ։ Վանքի մշակութային և տնտեսական ծաղկման գործում մեծ վաստակ ունի Հակոբ Ջուղայեցին, գրչին են պատկանում ձեռագրերի մի մասը: Նրա մեծ վաստակի աննախադեպ գնահատականը դեռ կենդանության օրոք՝ 1661 թվականին նրա պատվին կանգնեցված խաչքարն է:

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։