Ծաղկաձոր քաղաքի հյուսիս արևմտյան մասում է գտնվում միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոններից մեկը՝ Կեչառիսի վանական համալիրը: Վանական համալիրը գտնվում է Փամբակի լեռնաշղթայում: Ընդգրկված է Ծաղկաձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Վանական համալիրում ապրել և գործել են ժամանակի խոշոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ՝ Գրիգոր Մագիստրոսը, Վասակ Խաղբակյանը, բանաստեղծ Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ։Կեչառիսի վանքը ունեցել է իր հոգևոր դպրոցը, ուր հայտնի է եղել 13-րդ դ․ նշանավոր բանաստեղծ, եկեղեցական ու քաղաքական գործիչ Խաչատուր վարդապետ Կեչառեցին։ Ծաղկուն շրջանում վանքն ունեցել է ավելի քան 500 վանական և ուսանող։ Պահպանվել ու մեզ են հասել այնտեղ գրված ու ընդօրինակված հայերեն մի քանի
տասնյակ ձեռագրեր:
Ներկայումս Կեչառիս վանական համալիրը Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդանիստն է:
Վանական համալիրը ձևավորվել ու ամբողջացել է XI-XIII դդ.` Պահլավունի և Պռոշյան (Խաղբակյան) իշխանների ջանքերով։
Վանական համալիրի կառուցվածքը
Վանական համալիրը նախկինում անվանվել է նաև Դարաչիչակի վանք: Կեչառիսի վանական համալիը բաղկացած է չորս եկեղեցուց, գավթից, մատուռներից և շուրջ երեք տասնյակ խաչքարերից (XI-XVII դարերի):
Գլխավոր՝ Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ըստ հարավային մուտքի վերևի արձանագրության, 1033թ.-ին կառուցել է Գրիգոր Մագիստրոսը։ Եկեղեցին ունի երկու մուտք` արևմտյան և հարավային: Հարավային շքամուտքը աչքի է ընկնում իր առանձնակի ճոխությամբ: Եկեղեցին ամբողջովին կառուցված է սև, սրբատաշ քարից, ներսից անսյուն է:
Գլխավոր եկեղեցուց հարավ գտնվում է գմբեթավոր Ս. Նշան ոչ մեծ եկեղեցին։ Ամենայն հավանականությամբ ընկած Ս.Նշան փոքրիկ եկեղեցին նույնպես կառուցել է Գրիգոր Մագիստրոսը` հավանաբար 1051թ.-ին:
Երրորդ՝ Կաթողիկե եկեղեցին, որը կառուցել է իշխան Վասակ Խաղբակյանը 1203-1214թթ.-ին (հավանաբար՝ Վեցիկ վարդապետի ձեռքով), տեղադրված է համալիրի հարավային մասում, Ս. Նշանի կողքին։ Կաթողիկեն իր հարդարանքով Կեչառիսի վանքի եկեղեցիներից ամենաշքեղն է։ Շինությունների հիմնական խմբից արևմուտք՝ 120 մ հեռու, կանգուն է վանքի չորրորդ՝ Ս. Հարություն փոքրիկ եկեղեցին, որը, ըստ շինարարական արձանագրության, կառուցվել է 1220թ.- ին։
Համալիրի կարևոր կառույցներից է Վեցիկ ճարտարապետի մահարձան-խաչքարը (XIIIդ.), որը կանգնեցրել են նրա ճարտարապետ եղբայրները։ Կեչառիսի վանքում են թաղված նաև սելջուկների դեմ մղված ճակատամարտում զոհված Ապիրատյան Գրիգոր իշխանը (1099թ.), Մեծ իշխան Պռոշը (1284թ.):
XVIII դ. Կեչառիսի վանքն ամայացել և լքվել է: 1828 թ. տեղի ունեցած երկրաշարժից քանդվել է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գմբեթը: 1957-59 թթ. վանքի տարածքը բարեկարգվել է ու պարսպապատվել, շենքերի տանիքները ծածկվել են քարե սալերով: Վանական համալիրն ամբողջությամբ վերականգնվել է ավստրիահայ բարերար Վլադիմիր Հարությունյանի միջոցներով (1998-2001թթ.):
Ավանդապատում
Ասում են, թե Պահլավունյաց տոհմի իշխանազն օրիորդներից մեկի ցանկությամբ այս գեղեցիկ ձորահովտում մի մեծ ամրոց է կառուցվում, ամրոցի կողքին էլ մի շքեղ ծաղկանոց: Օրիորդը պահանջում է, որ հայոց աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն աճեն իր ծաղկանոցում: Այդպես էլ արվում է: Բայց մի գարնան կատաղի քամին ավերում է նրա ծաղկանոցը և ծաղիկները ցրում ձորով մեկ: Ձորահովիտը լցվում է ծաղիկներով, և ձորն սկսում է կոչվել Ծաղկաձոր: Իշխանազն օրիորդը պահանջում է հորից, որ նա իր ամրոցի մոտ մի վանք կառուցել տա, որպեսզի վանահայրերը գիշեր ու ցերեկ աղոթեն և ցրված ծաղիկները հետ վերադարձնեն: Կառուցվում է Կեչառիսի վանքը:
Սակայն աստված չի լսում վանականների աղոթքը, և բուրավետ ծաղիկները տարածվում են ամբողջ գավառում:



