ԱՂԱՎՆԱՎԱՆՔ

Տավուշի մարզի Աղավնավանք գյուղում է գտնվում հայկական միջնադարյան վանական համալիրներից մեկը՝ Աղավնավանքը: Հայտնի է նաև Անապատ Սբ. Աստվածածին և Աղնաբաթի վանք անուններով։ Վանքը գտնվում է Աղնաբաթ անտառամասում: Այստեղի անտառները հայտնի են այստեղ աճող կենու, որը կոչվում է նաև կարմրածառ ծառատեսակով: Այն բավականին բարձր  է գնահատվում և փայտը օգտագործվել է նաև զենք, գործիքներ, կահույք և, անգամ` ջրատար խողովակներ պատրաստելու համար։

Ախնաբադի լեգենդը

Լեգենդը պատմում է, որ այս վայրերում ապրել է մի երիտասարդ, ով բույսերից պատրաստած սպեղանիներով կարողանում էր տարբեր հիվանդություններ բուժել: Գյուղում բոլորը շատ էին սիրում երիտասարդին , նա սպասված հյուր էր յուրաքանչյուրի տանը: Շատերն էին դիմում նրա օգնությանը՝ թե՛ հասարակ գյուղացիները և թե՛ հարուստ իշխանները: Մի անգամ էլ տեղի իշխաններից մեկի դուստրը՝ գեղեցկուհի Նաբաթը, ծանր հիվանդանում է: Ոչ ոք չի կարողանում բուժել աղջկան, և իշխանին խորհուրդ են տալիս կանչել սպեղանիներ պատրաստող տղային: Երիտասարդը մի քանի օր շարունակ տարբեր դեղաբույսեր է հավաքում, թուրմ պատրաստում, որի օգնությամբ դեռատի աղջիկը շուտով ոտքի է կանգնում: Երջանիկ հայրը կարգադրում է մի պարկ ոսկի բերել երիտասարդի համար, սակայն տղան իշխանից դստեր ձեռքն է խնդրում: Տեսնելով տղայի ազնվությունն ու նվիրվածությունը՝ իշխանը համաձայնվում է: Սակայն Նաբաթը որքան գեղեցիկ , այնքան էլ փառասեր էր, մերժում է տղային ՝ ասելով, որ աղքատ բուժակը վայել չէ իրեն: Հուսահատ տղան թողնում է իր ունեցվածքը, հարազատներին, ընկերներին և օրեր շարունակ մեն -մենակ շրջում անտառներում: Սիրած աղջկա պատկերը հայտնվում էմեկ առվակի ջրերի, մեկ առավոտյան ցողի, մեկ անձրևի կաթիլների մեջ: Անցնում են օրեր ու ամիսներ… Մի անգամ, հայտնվելով ժայռի գագաթին, երիտասարդը նայում է ներքև և վազող առվակի ջրերի մեջ տեսնում գեղեցկուհի Նաբաթի ժպտացող պատկերը: Նաբաթը ձեռքերը վեր պարզած կարծես իր գիրկն է կանչում տղային: «Ա˜ խ, Նաբա ՛թ» վերջին անգամ կանչում է տղան ու ժայռից նետվում ներքև: Համաձայն լեգենդի՝ հենց այս բառերից է առաջացել Ախնաբաթ անվանումը: Ասում են նաև, որ, իմանալով տղայի մահվան մասին, գյուղացիները, որոնք անսահման սիրում էին նրան, որոշում են տղայի պատվին մի եկեղեցի կառուցել: Պատահական չէ, որ եկեղեցին էլ սիրահար տղայի նման մեկուսացված է անտառում, և այդ մենաստան-անապատ բառերից էլ առաջացել է նրա այժմյան անունը՝ ս. Աստվածածին Անապատ եկեղեցի:

Աղավնավանքի կառուցվածքն ու ներկա վիճակը

Աղավնավանքը կառուցվել է 11-12-րդ դարերում: Եկեղեցին իրենից ներկայացնում է  փոքրաչափ կենտրոնագմբեթ կառույց` զույգ ավանդատներով:Կառուցված է դեղնավուն,  սրբատաշ չեչաքարով: Արևելյան ճակատին փորված են երկու  եռանկյունաձև խորշեր:  Հուշարձանից դեպի հարավ պահպանվել են բազմաթիվ կառույցների մնացորդներ, որոնք, հավանաբար, եկեղեցու միաբանության բնակելի և տնտեսական շինություններն են:

Եկեղեցին գործող չէ, սակայն տարիներ առաջ հրավիրյալ քահանան մկրտության արարողություն է անցկացրել Աղավնավանք գյուղի չմկրտված բոլոր բնակիչների համար։ Գմբեթի շատ քարեր քանդված են, եկեղեցու վրա այժմ  բուսականություն է աճում: Միջնադարյան վանքի արձանագրությունների կողքին այցելուները թողել են իրենց «արձանագրությունները»:

 Աղավնավանք գյուղ

Աղավնավանք գյուղը գտնվում է  ծովի մակարդակից 1100 մետր բարձրության վրա: Գյուղը գտնվում է Նոր Գետիկի ափին: Հայաստանի պետական սահմանից հեռավորությունը կազմում է 42 կիլոմետր:  Մինչև 1988-ը գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով և կոչվել է Սալահ, Սալախ։ 1988-ից հետո գյուղում վերաբնակեցվել են Ադրբեջանից բռնագաղթված հայեր: Այստեղ կառուցված միջնադարյան եկեղեցին, խաչքարերն ու մնացած շինությունները լավագույն ապացույց են այն պնդմանը, որ մինչև մոնղոլ-թաթարական արշավանքները այս տարածքը ևս բնակեցվ ած է եղել հայերով: Ներկայիս բնակչության զբաղմունքը հողագործությունը, բուսաբուծությունն ու անասնապահությունն են: