ԴԵՂՁՆՈՒՏԻ ՎԱՆՔ

Անտառային արահետով դեպի Դեղձնուտի վանք

Կիրանց գյուղից դեպի արևելք մի հեքիաթային անտառային արահետ տանում է դեպի Դեղձնուտի վանք։ Հեռվում՝ սաղարթախիտ անտառների մեջ, վեր է խոյանում պատմական Բերդաքարը ՝ Մահկանաբերդի իշխանների ամրոցը։ Այն կառուցվել է 12-րդ դարում, համեմատաբար լավ են պահպանված պարիսպները։

Գետի շառաչյուն ալիքերի ներքո, արտացոլող կանաչի գույնի ուղեկցությամբ քայլում ենք, քիչ հետո երևում է Սրանոց կամուրջը, որն իրենից ներկայացնում է 10-րդ դարի կառույց։

Կիրանցից մինչև Դեղձնուտի վանք 10 կմ է։ Տվյալ վայրը հիանալի տարբերակ է աշնանային և գարնանային արշավներ իրականացնելու համար։ Գարնանը ընկղմվելու Տավուշյան անտառների թաց կանաչի մեջ, աշնանը՝ տեսնելու,, թե ինչպես է այդ գունային քաոսի մեջ հողի տակից դուրս գալիս մի նոր մարմին՝ Դեղձնուտի վանքը։

 

Դեղձնուտի վանք

Համալիրը կազմված է եկեղեցուց, գավթից և մատուռից։ Եկեղեցին տարբերվող է իր արտաքին երկրաչափական և բուսական զարդաքանդակներով և յուրահատուկ որմնախորշերով; Իր կառուցվածքով այն գմբեթավոր դահլիճ է։ Խորանի երկու կողմերում երկհարկ ավանդատներ են։

Կառույցը խորդրդավոր է իր տեսքով, կարծես բնությունը փորձում է տիրել նրան և այն պայքարոմ է վերջինիս դեմ։ Գավիթը կառուցված է մուգ վարդագույն տուֆից և յուրօրինակ տեսք է հաղորդում կիսավեր եկեղեցուն։ Պահպանվել է գմբեթի միայն հյուսիսային մասը։

Խնձորկուտ գետի ձորում է գտնվում Դեղձնուտի վանական համալիրը։ Անտառի խորքում գտնվող միջնադարյան ճարտարապետության այս ստեղծագործությունը ասես միաձուլված լինի բնության հետ։ Հիմնադիրն է Առաքել վարդապետը՝ Կիլիկիայի Տարսոն քաղաքից, ում տապանաքարը գտնվում է վանքի գավթում։