ՄԱՅՐԱՎԱՆՔ

Մայրավանք վանական համալիրը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի Սոլակ գյուղից 3 կմ հս, Ծաղկունյաց լեռների բարձրավանդակում։ Այն միջնադարյան հայկական ճարտարապետության գեղեցիկ նմուշներից մեկն է: Հուշարձանը 7-րդ դարում հիմնադրել է Հովհանն Մայրավանեցին (Մայրագոմեցի): Այնուհետև Մայրավանքի Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է XI–XII դդ., սրբատաշ բազալտով: 

Պատմական ակնարկ

Եզր Ա Փառաժնակերտցի կաթողիկոսը միակամության հարցում իրեն ընդդիմացած և Մայրավանք քաշված Հովհան Մայրավանեցուն անարգելու նպատակով վանքն անվ անել է «Մայրագոմ», իսկ Հովհանին’ «Մայրագոմեցի»:

451 թվականի Քաղկեդոնի ժողովից հետո Քրիստոնեական եկեղեցին պառակտվել էր և, հետևաբար թուլացել էր բյուզանդական եկեղեցու ազդեցությունը Հայ եկեղեցու վրա։ Միակամության գաղափարը ստեղծվել էր բյուզանդական կայսրերի կողմից և նրա հիմնական նպատակն էր՝ ստեղծել կամուրջ պառակտված եկեղեցիների միջև և վերականգնել կորցրած ազդեցությունը։ 633 թվականին՝ Կարինի ժողովի ժամանակ, Եզր կաթողիկոսը ստիպողաբար ընդունել էր Միակամության գաղափարը։ Բայց միակամությունը Հայաստանում չի արմատավորվել և համարվել է քաղկեդոնականություն։ Կաթողիկոսի դեմ ժամանակի հայ աստվածաբաններից միայն Հովհան Մայրավանեցին է բացահայտ հանդես եկել։

Եկեղեցու կառուցվածքը

Մայրավանքը գմբեթավոր եկեղեցի է: Խորանի երկու կողմերում ունի ուղղանկյուն հատակագծերով երկհարկ ավանդատներ: Եկեղեցու ներսում` արևմտյան պատին, կա 1224 թ. արձանագրություն: Արևելյան ճակատը մշակված է եռանկյունաձև զույգ խորշերով: Միակ արևմտյան մուտքը ունի կիսասյուներով զարդարված կրկնակի կամարակապ շքամուտք: Մայրավանքի բարձունքից երևում է ողջ Սոլակ գյուղը:

Ներկայիս վիճակը

Հուշարձանն այժմ կիսավեր է: Եկեղեցու շուրջը թափված են ժամանակին կառույցի մաս կազմած քարերն ու զարդաքանդակները:

Մայրավանքը՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան, ընդգրկված է կառավարության հաստատած, Կոտայքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում և սեփականության իրավունքով հանձնված է Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն։ Մայրավանքը ներառվել է առաջիկա վերականգնման ենթակա հուշարձանների ցանկում պահպանվածության առումով առավել վտանգված և հուշարձանների տեխնիկական վիճակի մոնիթորինգի ծրագրով 2009 և 2011 թվականներին կատարված ուսումնասիրությունների արդյունքում։ 2019 թվականի սեպտեմբերից սկսվել է Եկեղեցու ամբողջական վերականգնման աշխատանքները:

Դեպի Մայրավանք

Սոլակ գյուղի մոտ գտնվող Մայրավանք Սբ. Աստվածածին եկեղեցի հասնելու համար սկսնակ արշավականից պահանջվում է մոտ 2 ժամ: Մայրավանքը ժայռի վրա է, և դրան հասնելու համար պետք է երկար քայլել հիմնականում ապառաժների, տեղ-տեղ էլ հողի վրայով: Ճանապարհին ամենից հաճախ հանդիպող ծառը եղևնին է, որը հավանաբար ավելի հեշտ է աճում քարքարոտ տեղանքում: