«Լեռնային կղզու» բարձր գագաթները
Հայկական լեռնաշխարհը գտնվում է Փոքր Ասիայի և Իրանական բարձրավանդակների միջև։ Կարելի է ասել, որ այն կապում է Արևելքը Արևմուտքի հետ։
«Հայկական լեռնաշխարհ» տերմինն առաջին անգամ օգտագործել է գերմանացի երկրաբան Հ․ Աբիխը։ Նրա «Երկրաբանական հետազոտություններ Կովկասյան լեռներում» եռահատոր աշխատության երկրորդ և երրորդ հատորները նվիրված են հենց Հայկական լեռնաշխարհին։
Ամբողջ լեռնաշխարհի տարածքը կազմում է մետ 400 հզ․ կմ2։ Լեռնաշխարհը գտնվում է ծովի մակարդակից 1500-1800 մ բարձրության վրա։ Այն շրջակա երկրների համեմատ զբաղեցնում է բարձր դիրք։ Իր զբաղեցրած դիրքի համար աշխարհագրագետներն այն հաճախ անվանել են «լեռնային կղզի» ։
Հայկական լեռնաշխարհը հյուսիս-արևմուտքից եզերվում է Պոնտական լեռնաշղթայով, հյուսիսից Կովկասյան լեռների ստորոտներով Սև ծովից ձգվում է մինչև Կասպից ծով, հարավից եզերվում է Հայկական Տավրոսի լեռնաշղթայով, իսկ արևելքում նրա սահմանները տարածվում են մինչև Ուրմիա լճի մոտակայքը։ Այս բնական սահմանների միջև ընկած երկրամասը հնում հայտնի էր Միջնաշխարհ անունով։ Եթե ուշադիր նայենք Հայկական լեռնաշխարհի սահմաներին, ապա պարզ է դառնում մի բան՝ որ կողմից էլ փորձենք մտնել հայկական բարձրավանդակ, ամենուրեք պետք է կտրենք ծայրամասային լեռները, որոնք 2500-4000մ բարձրություն ունեն։
Հայկական լեռնաշխարհի կենտրոնական հատվածում ձգվում է Հայկական Պար լեռնաշղթան։ Այն լեռնաշխարհը բաժանում է հյուսիսային և հարավային մասերի։ Հայկական պարի երկարությունը 300 կմ է։ Այն արևելքից սկիզբ է առնում Արարատ սարից։
Ինչպես արդեն նշեցինք, Հայկական բարձրավանդակը արևելքը կապում է արևմուտքի հետ։ Անվանի աշխարհագրագետ Հումբոլտը Հայաստանն անվանել է «Անտիկ աշխարհի ծանրության կենտրոն»։ Այստեղով է անցել «Մետաքսի ճանապարհը» ։ Այն ունեցել է շատ կարևոր նշանակություն մինչև 15-րդ դարը, երբ Հնդկաստան տանող ծովային ուղու պատճառով այն կորցրեց իր երբեմնի նշանակությունը։
Ստորև Ձեզ ենք ներկայացնում Հայկական լեռնաշխարհի 10 ամենաբարձր լեռնագագաթները։






















