ՈՒՂՏԱՍԱՐԻ ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐԸ

ՈՒՂՏԱՍԱՐԻ ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐԸ

Պատմական Սյունիքը Հայկական լեռնաշխարհի առանցքային տարածքներից է և շատ հարուստ է հնագիտական հուշարձաններով: Պատմական Սյունիքը (և հատկապես Գեղամա, Սյունիքի և Վարդենիսի լեռները) հանդիսանում է Հայկական լեռնաշխարհի ժայռապատկերային արվեստի էպիկենտրոնը: Սյունիքի ժայռապատկերների մի զգալի մասը գտնվում է Ուղտասարի հնավայրում: Հնավայրը գտնվում է Սիսիանից մոտ 17,5 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Ժայռապատկերներով հարուստ հնավայրը հայտնաբերվել է  1968 թվականին։

Ժայռապատկերները հարուստ նյութ են տալիս Հայաստանի հնագույն բնակիչների կենցաղը, սովորություններն ու արվեստը ուսումնասիրելու համար և կարևոր նշանակություն ունեն, որպես պատմական սկզբնաղբյուրներ:

Ուղտասար լեռ

Հնավայրի անվանումը

Հնավայրի անունն առաջացել է տարածքում գտնվող լեռան անունից, որի ծագման վերաբերյալ շրջանառվող երկու վարկած կա։ Ասում են՝ սարն այդպես են անվանել, որովհետև տեսքով նմանեցրել են ուղտի, բայց հանդիպում է նաև Ուխտասար տարբերակը՝ ուխտատեղի նշանակությամբ։ Պատմում են նաև, որ ժամանակին լեռան լանջին ուխտավորները զոհաբերել են իրենց որսը, ապա այն պատկերել քարերի վրա, իսկ նախքան զոհաբերության արարողությունը երկար և դժվարին ճանապարհ անցել, մինչև զոհ մատուցելը՝ մարմնով մաքրվել Ուղտասարի լճերում։

Ժայռապատկերների տեղադրությունը

Ուղտասարի հնավայրում հայտնաբերվել են ավելի քան 2000 ժայռապատկերներ: Ամենահին ժայռապատկերները թվագրվում են մ.թ.ա. 5-ից 4-րդ հազարամյակներով: Ժայռապատկերները ցրված են լեռան ստորոտներում, հրաբխային խառնարանից գոյացած մանր լճակների շուրջ, ձորակներում և դարավանդներում: Ուղտասարի ժայռապատկերները ներկայանում են սև ու մոխրագույն հրաբխային ծագում ունեցող քարերի վրա քարե գործիքներով արված փորագրությունների տեսքով։ Պատկերներն արված են ժայռերի հարթ մակերեւույթներին` 2-6 մմ խորությամբ և 2-21մմ լայնությամբ: Ժայռապատկերները մեզ են հասել գրեթե անվնաս վիճակում: Միայն աննշան մասն է, հողմահարման ազդեցությամբ, վնասվելով պոկվել ժայռաբեկորների մակերևույթից, որոշ մասն էլ՝ ծածկված է հողաշերտով:

Ժայռապատկերների բովանդակությունը

Ժայռապատկերների բովանդակությունը բազմազան է: Դրանց մեծ մասը համարվում են հուշագրեր` նվիրված ննջեցյալների կյանքին ու հերոսական պատմություններին։ Թեմատիկ տեսարանների մեծ մասում անմիջական մասնակիցը մարդն է` պատկերված որսի տեսարաններում, շարժման մեջ, լայնալիճ աղեղը ձեռքին, որսի կենդանու վրա նետարձակելիս, զինված նիզակով, հաճախ` պարանը ձեռքին:

Զանգվածեղ ժայռաբեկորների վրա դրոշմված են եղջերուների, գիշատիչների մեծադիր ծավալային պատկերներ: Առավել մեծ թիվ է կազմում բրոնզեդարյան (մ.թ.ա. III-II հազարամյակներ) ժայռապատկերների խումբը, որը պատկերում է Հայկական լեռնաշխարհի հնագույն ցեղերի կենցաղը, հավատալիքները, որսորդության կենդանիների` բեզոարյան ուղղաեղջյուր և գալարուն եղջյուրներով այծերի, վիթի, եղջերուի, տուրի (վայրիցուլ), ձիու, շան, վարազի, հովազի պատկերներ: Վարպետորեն են քանդակված գազանի և մարդու մենամարտի, այծի հոտը գիշատիչների ոհմակի հարձակումներից պաշտպանող շան և այլ տեսարաններ:

Առկա են կենդանիների բազմաթիվ պատկերներ` վայրի և ընտանի բիզոններ, այծեր, մուֆլոններ, ջեյրաններ, եղնիկներ, ձիեր, վայրի խոզեր, գայլեր, շներ, շնագայլեր, հովազներ, արջեր և վագրեր։ Պատկերված են օղապարաններով, թակարդներով, նետ ու աղեղներով, ցցերով, նիզակներով և վահաններով որսորդներ, սայլակներ և սահնակներ քաշող ցլեր (բիզոններ)։

Առկա են բազմաթիվ տիեզերական խորհրդանիշներ, այդ թվում` կենդանակերպի նշաններից մեկի` խոյի պատկերը և պարզ օրացույցեր։ Վերջիններս պատկերված են անիվների տեսքով և կամ ժամանակի բաժանումը նշված է խաչի և եղանակները ցույց տվող 4 շրջանների միջոցով։ Հանդիպում են նաև աշխարհագրական տարրեր` գետեր, լճեր, աղբյուրներ և այլն, ինչպես նաև երկնային լուսատուները և աստղագիտական երևույթներ` արևը, լուսինը, աստղերը, համաստեղությունները և աստեղային երկինքը, գիսաստղեր և կայծակ։

Ուխտասարի ժայռապատկերների գերիշխող մեծամասնությունը կազմում են այծերի պատկերները, հենց այդ պատճառով ժայռապատկերների համար շատ տարածված է այծքարեր կամ իծագրեր անվանումները:

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։