Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքից 7 կմ արևմուտք՝ Ողջի գետի աջ կողմում է գտնվում միջնադարյան Հայաստանի նշանավոր վանքերից մեկը՝ Վահանավանքը: Հիմնադրել է Սյունյաց նահանգի Բաղակ գավառի գահակալ իշխան Ձագիկի որդի Վահանը X դարում : Նրա անունով էլ վանքը կոչվել է Վահանավանք: Հայտնի է նաև Հովհաննավանք կամ Հովհաննու վանք անուններով: Երկրորդ անունն օգտագործում են նաև Վարդան Արևելցին, Ղևոնդ Ալիշանը և ուրիշներ:
Եկեղեցու կառուցվածքը
Վանական համալիրը բաղկացած է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց (911 թ.), գավթից, սյունասրահից (XI դ. կես) և Ս. Աստվածածին երկհարկ եկեղեցուց (1086 թ.):
Համալիրի գլխավոր եկեղեցին Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է: Այն խաչաձև հատակագծով կենտրոնագմբեթ շինություն է, կառուցված տեղական կարմրավուն բազալտից: Եկեղեցին երկու մուտք ունի` արևմուտքից և հարավից:
1086 թ. կառուցվում է Սբ Աստվածածին կրկնահարկ եկեղեցին, որ գտնվում է մեծ տաճարից (Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց) մոտ 70մ հեռավորության վրա: Այս եկեղեցու կառուցման մասին պահպանվել է վիմագիր արձանագրություն, այն կառուցել է Սյունյաց Շահանդուխտ Բ թագուհին իր քույր Կատայի հետ: Այն երկհարկ թաղածածկ, փոքր, միանավ եկեղեցի է, իսկ հյուսիսից և արևելքից ունի սյունազարդ պատշգամբ:
Ըստ վիմագրական տեղեկության վանքի տարածքում եղել են ևս երկու եկեղեցիներ` Ս. Հարություն և Ս. Սիոն, որոնց տեղադրությունը դեռևս պարզված չէ:
Վանքն ունեցել է շուրջ 100 միաբան, կից գործել է վանական դպրոցը, որի սաներից էր եղել եկեղեցու հիմնադիր Վահանի եղբորորդի Վահան Ա Սյունեցին։
Վահանավանքում են գտնվում Վահան իշխանի, Սահակ Սևադա Բ-ի, Սոփի թագուհու, Սյունիքի գահերեց իշխան Աշոտի, նրա թագակիր որդիներ Սմբատ Բ-ի և Գրիգոր Ա-ի, ինչպես նաև Սյունիքի թագավորության մնացած չորս թագավորների, Վաչագան իշխանի մայր Խաշուշի գերեզմանները։
1966 թվականից կատարվում են պեղումներ, իսկ 1978 թվականից՝ վերականգնողական աշխատանքներ։ 2006-2009 թվականներին իրականացված վերականգնման աշխատանքների արդյունքում ամբողջովին վերականգնվել են սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և նրան կից գավիթը։
Վարկած կա, որ Վահանավանքում է թաղվել նաեւ 1722-1728 թթ. սյունյաց ազատագրական պայքարի առաջնորդը՝ գահերեց զորավար Դավիթ Բեկը, ով ծնունդով Բաղք գյուղից էր: Այդ վարկածն առաջ է քաշել հայ գրող Սերո Խանզադյանն իր «Մխիթար Սպարապետ» պատմավեպում: Սակայն առայսօր այդ փաստը որեւէ կերպ չի հաստատվել: Պատմաբանները մերժում են վարկածը՝ իրենց կարծիքը հիմնավորելով այն փաստով, որ Դավիթ Բեկի ժամանակ Վահանավանքը կործանված է եղել, իսկ ավերակների մեջ մեծ զորավարին չէին թաղի:



