ՀԱՌԻՃԱՎԱՆՔ

Հայաստանի միջնադարյան վանական համալիրներից Հառիճավանքը գտնվում է Շիրակի մարզի  Հառիճ գյուղում` Արագած լեռան հյուսիսային լանջին, երկու ձորակներով գոյացող հրվանդանի վրա: Վանքը կառուցվել է 7-13-րդ դարերում: Այն միջնադարյան ճարտարապետության նշանավոր հուշարձաներից է,  հարուստ նուրբ խորաքանդակներով:

Վանքի կառուցվածքը

Համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց (Սուրբ Գրիգոր և Սուրբ Աստվածածին), գավթից, ավանդատներից, զանգակատնից, մատուռից, դպրոցից և այլ շինություններից: Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Ս. Գրիգոր եկեղեցին է։ Նրան կից կան 13-րդ դարում կառուցված երկհարկանի աղոթարաններ։Ս. Գրիգոր եկեղեցին կենտրոնագմբեթ է, խաչաձև հատակագծով, որը հարավարևելյան կողմից ունի ուղղանկյուն ավանդատուն: Ապսիդները դրսից հնգանիստ են, իսկ ներսից` կիսակլոր: Հսկայական 16 նիստ ունեցող գմբեթը եկեղեցուն փառահեղ տեսք է հաղորդում: Եկեղեցին բազմիցս ենթարկվել է վերանորոգումների, որի ընթացքում գմբեթը կորցրել է իր նախնական  ձևը:

Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվանե եղբայրների հրամանով 1201 թվականին, այն խաչաձև գբեթավոր մեծաչափ կառույց է։Եկեղեցու ներքին հարդարանքը բավականին զուսպ է: Եկեղեցու արտաքին մասն ավելի հարուստ է։ Օգտագործված զարդանկարներից են` վարդյակները, արևային ժամացույցը, աղավնիները, ինչպես նաև եկեղեցու մանրակերտով Զաքարյան եղբայրների բարձրաքանդակը, որը սակայն, հետագայում փոխարինվեց Աստվածամոր օնիքսակերտ սրբապատկերով: Վանքի բոլոր շինությունները կառուցված են բազմերանգ քարերով, որոնք դասավորված են խճանկարի սկզբունքով:

Առանձնապես հետաքրքրություն է առաջացնում վանքային համալիրից ոչ շատ հեռու գտնվող փոքրիկ մատուռը` կառուցված մի ժայռաբեկորի վրա, որը երկրաշարժի ժամանակ առանձնացել է ընդհանուր ժայռազանգվածից և թեք վիճակում, գրեթե անվնաս հասել է մեր օրերը:

Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։ Այնտեղ գործող հայտնի դպրոցում 1887-1889 թթ սովորել է Ավետիք Իսահակյանը։ 1850 թվականին Հառիճավանքը դարձավ կաթողիկոսի ամառային նստավայր: Այժմ գործում է՝ հոգևորականների դպրոց, որտեղ ապագա հոգևորականները սովորում և կրթություն են ստանում:

Լեգենդներ վանքի մասին

Ավանդություններից մեկի համաձայն` իշխանական օրիորդներից մեկը, սելջուկներից փախչելով, պատսպարվել է ժայռի վրա կառուցած մատուռում, և երբ սելջուկները փորձել են տիրանալ օրիորդին, ժայռը երկու մասին է բաժանվել.  նման հրաշքից վախեցած սելջուկները մի կողմ են քաշվել և օրիորդը փրկվել է։

Ըստ մեկ այլ լեգենդի՝ սելջուկների կազմակերպած արշավանքների ժամանակ շատ մարդիկ թաքնվել էին եկեղեցում։ Երբ, այնուամենայնիվ, սելջուկները մտան եկեղեցի, այնտեղ ոչ ոք չկար: Զավթիչները կարծեցին, որ հրաշք է կատարվել․ մարդիկ Սուրբ Հոգու զորությամբ, դարձել էին աղավնիներ և փրկվել: Սակայն եկեղեցին գաղտնի ելք ուներ, որի օգնությամբ հնարավոր էր իջնել ձորը: Սելջուկները, չգտնելով ոչ ոքի, շատ բարկացան և որոշեցին ավերել եկեղեցին: Սկսեցին գավիթից. սյուներին ճոպան կապեցին, և եզների ու ձիերի օգնությամբ արմատախիլ արեցին վանքի հիմքերը։ Դրանք, սակայն, մնացին օդում կախված: Գավիթը չտուժեց, իսկ սելջուկները, դա փորձանքի նախանշան համարելով, հեռացան Հառիճավանքից։  Այդպես վանքը կանգուն մնաց, իսկ սյուներն ավելի ուշ հիմքերին ամրացվեց հատուկ շաղախով։

Եկեղեցուն կից շինություններից մեկում հատակին սալիկ կա, որը կարելի է ոտքով ճոճել: Նրա տակ ստորգետնյա անցում է թաքնված, որը տանում է դեպի կիրճ և ավելի հեռու։ Այստեղ համոզված են, որ ստորգետնյա անցումների համակարգով Հառիճավանքից կարելի է հին Հայաստանի մայրաքաղաք` Անի (այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում) հասնել, որն ուղիղ գծով շուրջ 40 կիլոմետր հեռավորության վրա է։