ՈՐՈՏՆԱՎԱՆՔ

Որոտնավանքը  գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Վաղատին գյուղից 2 կմ հարավ-արևելք: Հայտնի է նաև Վաղատնի վանք անունով: Վանքը հայկական ճարտարապետության ուշագրավ հուշարձաններից է:

Պատմական ակնարկ

Վաղատին գյուղի անունը Ստեփանոս Օրբելյանի օգտագործած աղբյուրների մեջ  հիշատակվում է առաջին անգամ 906 թ. Տաթեւի վանքի սահմանները հաստատող կալվածագրի մեջ, իսկ պատմագրի ցուցակներում այն Ծղուկ գավառի մեջ է և ունի տուրքի 12 չափ:

Գյուղի անունով կոչվող վանքի վայրում, ըստ նույն պատմագրի, հնուց ի վեր եղել էր եկեղեցի Սուրբ Գրիգոր անունով, որը նորոգել կամ նրա մոտ մեկ ուրիշն էլ շինել էր ոմն Ստեփանոս վարդապետ. Թեև հայտնի չէ, թե եղած շենքերից որն է այդ եկեղեցին, բայց այդ նույն Ստեփանոսի շինարարական արձանագրությունը մի քարի վրա ընկած վիճակում է:

1000 թ. Սյունյաց թագուհի Շահանդուխտը, իր ամուսին Սմբատի հրամանով, շինում է այստեղ մի եկեղեցի, Սուրբ Կարապետ անունով և նրա արևմուտքում՝ սրահ:

Այս երկու եկեղեցիներից բացի վանքի բակում, դրանց կից զանազան ժամանակներում շինվել են ևս երկու-երեք եկեղեցիներ, սրահ, հյուրատուն, տնտեսական շենքեր, գոմեր եւ այլն: Իսկ Սուրբ Կարապետ եկեղեցու հարավում՝ բակի մեջ, կանգնած է կոթող-գավազան-սյուն, Տաթևի օրինակով, բայց քիչ փոքր:

XIII դ. 70-ական թթ. նորոգվել է Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցին: 1315-ին Բուրթել և Բուղդա Օրբելյան իշխաններն այցելել են Որոտնավանք, նվիրել այգիներ, գյուղեր, միջոցներ տրամադրել՝ վանքի նորոգման համար: 1340-ական թթ. Գլաձորի համալսարանից Որոտնավանք է տեղափոխվել Հովհան Որոտնեցին: XIII դ. 80-ական թթ. Որոտնավանքում է գործել Գրիգոր Տաթևացին, որը 1386-ին այստեղ ընդօրինակել է Պետրոս Արագոնացու «Գիրք յոթն առաքինութեանցը»: 1407- ին Որատնավանք է այցելել Թովմա Մեծոփեցին: Նույն տարում Որոտնավանքում Առաքել ծաղկողը Ավետարան է գրչագրել և նկարազարդել: 1438-ին վանահայր Սարգիս Անգեղակոթցին վերակառուցել է Ս. Կարապետ եկեղեցու գմբեթը: Որոտնավանքը գործել է մինչև XX դ. սկիզբը:

1931-ին երկրաշարժից ավերվել է. քանդվել են Ս. Կարապետ եկեղեցու գմբեթը և ծածկերը, հուշասյունը, սյունասրահները, վանքի տնտեսական շինությունները, պարիսպը:

Վանքի կառուցվածքը

Բաղկացած է Ս. Գրիգոր, Ս. Ստեփանոս, Ս. Կարապետ եկեղեցիներից, գավթից, սյունասրահներից, հյուրատնից ու օժանդակ շինություններից, պարսպից և գերեզմանատնից: Բոլոր հուշարձանները տեղադրված են ուղղանկյուն բակի պարագծով, հիմնականում՝ հյուսիսային և արևելյան կողմերում, և կառուցված են տեղական բազալտի քարերով:

Ս. Գրիգոր եկեղեցին միանավ կառույց է, այժմ՝ ավերակ: 

Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցին գտնվում է Ս. Գրիգոր եկեղեցու հյուսիսարևելյան կողմում: Միանավ, թաղածածկ կառույց է:

Ս. Կարապետ եկեղեցին գտնվում է համալիրի արևելյան մասում, Ս. Ստեփանոս եկեղեցու հարավարևելյան կողմում: Ունի կենտրոնագմբեթ, եռախորան, ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով հորինվածք: Ներսում զարդարված է եղել որմնանկարներով, որոնցից հյուսիսային խորանում պահպանված հատվածը պատկերում է աստղազարդ երկինք` կենտրոնում հրեշտակ։