ՇԱԽՄՈՒՐԱԴԻ ՎԱՆՔ

Դեպի Շախմուրադի վանք

Շամշադինի շրջանի Ծաղկավան գյուղից դեպի հարավ- արևմուտք գտնվում է Շախմուրադի վանքը՝ տեղակայված Վարագաջուր (Հախում) գետի ձախ ափին։ Վանքի կառուցումը թվագրվում է 12-13-րդ դարերին։ Շախմուրադը վանքի պատմական անունը չէ։ Վանքի շրջակայքում եղել է «Շխմուրատ» գյուղատեղին, որի անունով էլ եկեղեցին հենց այդպես են կոչել։ Գյուղատեղիի հետքերը մինչ օրս էլ պահպանվում են։ Վանքի մասին մեզ հասած արձանագրություններում այն հիշատակվում է որպես «Աստվածածին»։

 Վանքն իրենից ներկայացնում է իրար հետ համահունչ մի քանի կառույցների ամբողջություն։ Վանական համալիրը կազմված է եկեղեցուց, դրան արևմուտքից կից ժամատնից, հարավից՝ կից գավթից և եկեղեցուն ու գավթին կից «Խորանիկ» կոչվող կառույցից: Շախմուրադի վանքը նաև ունեցել է օժանդակ շինություններ, միաբանության շենք, պարիսպեր։ Դրանցից միայն մնացորդներն են պահպանվել։

 Վանքի գլխավոր կառույցը Սբ․ Աստվածածին եկեղեցին է, որն իրենից ներկայացնում է քառանկյուն հատակագծով, ներքուստ խաչաձև կառույց։ Տանիքն ամբողջացնում է ութանիստ գմբեթը։ Եկեղեցու միակ հարդարանքը պատի վրայի խորշերն են։ Եկեղեցին ունի երկու մուտք, որոնցից գլխավորը՝ արևմտյանը, բացվում է ժամատան մեջ, իսկ երկրորդը հարավից՝ գավթի մեջ: Ներկայումս գլխավոր եկեղեցին ամենից բարեկարգ վիճակում է։ Եկեղեցու արևմտյան պատին կից գտնվում է ժամատունը, իսկ հարավային պատին կից՝ գավիթը։

 Սաղարթախիտ անտառներում ամուր պատսպարված վանքը ցավոք այսօր գտնվում է կիսաքանդ վիճակում։ Շախմուրադի վանքի տարածքում կան նաև գեղաքանդակ խաչքարեր, որոնց շարքում է հանրաճանաչ վարպետ Կիրամի կիսաքանդ խաչքարը:

Շամշադինի շրջանում գտնվող գեղեցիկ վայրերից է նաև Խորանաշատ եկեղեցին։

Լուսանկարներ

շախմուրադի վանքի երթուղին

Powered by Wikiloc

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի, Տատյանա Ռոստոմյանի

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]