ԿԱՉԱՂԱԿԱԲԵՐԴ

Կաչաղակաբերդը, որպես կառույց, պատկանում է 8-րդ դարին: Բերդը գտնվում է լեռան գագաթին՝  Արցախի Հանրապետության Պցրետիկ և Քոլատակ գյուղերի միջև: Իր բարձրադիրության շնորհիվ՝ Կաչաղակաբերդը նկատելի է տասնյակ կիլոմետրերից, հատկապես, Ստեփանակերտից Գանձասար տանող ճանապարհից:

Կաչաղակաբերդի անվան ծագումնաբանությունը

Կաչաղակաբերդի անվան ծագման հետ կապված կա երկու ավանդություն: Ըստ առաջինի՝ բերդն իր անվանումը ստացել է իր խիստ գերիշխող և անմատչելի դիրքի շնորհիվ, քանի որ հասանելի է միայն թռչուններին՝ կաչաղակներին:

Տեղացիները Կաչաղակաբերդն անվանում են նաև «Սղսղան», քանի որ բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ մարդիկ, չհասնելով պարսպին, սահել են լեռան գագաթից:

Կա նաև երկրորդ ավանդությունը, ըստ որի, մի զավթիչ պաշարում է Կաչաղակաբերդը: Տեսնելով ամրոցի անառիկությունը՝ որոշում է խորամանկության դիմել և չգրավել ամրոցը հարձակումով՝ սպասելով մինչև պաշարված ամրոցի բնակիչները ինքնակամ կհանձնվեն:

Ամիսներ անց զավթիչը համոզված է լինում, որ ամրոցի սննդի պաշարը վերջացել է, բայց պաշարվածները ոչ մի կերպ չեն հանձնվում: Նրան զարմացրել է մի տարօրինակ երևույթ. Այդ տեղանքում շատ էին կաչաղակները: Այդ օրն առավոտյան, սակայն, սովորականից չափազանց շատ էին բերդում հավաքված կաչաղակները: Զավթիչը մի քանի զինվոր է ուղարկում այնտեղ, որոնք մեծ դժվարությամբ հասնում են բերդ: Կաչաղակները նրանց ոտնաձայներից փախչում են, իսկ թռչունների տակ պառկած մնում են դիակները: Ամրոցում պատսպարված հայերը սովամահ էին եղել, բայց չէին հանձնվել:

Այսպիսով, բերդը մատնող կաչաղակների անունով էլ ամրոցը մնացել է ժողովրդի հիշողության մեջ և այն կոչել են Կաչաղակաբերդ:

Պատմություն

Կաչաղակաբերդն արաբական արշավանքների ժամանակ ժայռեղեն կղզուց կառուցապատվել և վերածվել է ամրոցի։ Մինչև 10-րդ դարը բերդը կոչվել է Խաչենի բերդ, ինչից էլ իր անվանումն է ստացել Խաչենի իշխանությունը: Պատմական որոշ աղբյուրներում այն դեռևս հիաշատակվում է Խաչենի ամրոց անունով։

Խաչենի իշխանությունը 11-րդ դարի կեսից եղել է սելջուկյան տիրապետության տակ։ Իսկ արդեն 13-րդ դարում Կաչաղակաբերդը անցել է Ջալալյան իշխաններին։ Ըստ ամրոցին մասին աղբյուրների, 1246 թվականին՝ մոնղոլական տիրապետության սկզբնական շրջանում, Կաչաղակաբերդը կորցրել է իր պատմական դերն ու նշանակությունը:

Կաչաղակաբերդի դիրքն ու աշխարհագրությունը

Կաչաղակաբերդը երեք՝ արևմտյան, արևելյան և հյուսիսային կողմերից շրջապատված է 50-60 մ բարձրությամբ հարթ ուղղաձիգ ժայռերով: Բերդի մուտքը հարավային կողմից է, սակայն դժվար է մուտք գործել Կաչաղակաբերդ, քանի որ մուտքը փաստացի գրեթե չի պահպանվել: Առանց մագլցման հնարավոր չէ մուտք գործել Կաչաղակաբերդ:

Հնում բերդում եղել են բազմաթիվ գաղնտնուղիներ, սրահներ, կացարաններ, կրակատներ՝ քար նետելու համար: Կաչաղակաբերդի կենտրոնական մասում պահպանվել են երկու ժայռափոր ջրամբարներ, ինչը վկայում է այն մասին, որ բերդում հատկանշական տեղ է տրվել ջրամատակարարմանը:

Կաչաղակաբերդը ներկայիս Արցախի պատմամշակութային ժառանգության կարկառուն օբյեկտներից մեկն է, որը հատուկ ուշադրության և ճանաչման է արժանի: Ուստի, հաճախ այցելե՛նք Արցախ և շարունակե՛նք ապրեցնել այն նորովի:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

#177027
Կաչաղակաբերդ

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]